Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Արմավիրի մարզպետարանում ցուցադրվեցին Տիգրանակերտի 2013թ. հնագիտական պեղումների արդյունքները
22.11.2013
Տիգրանակերտի արշավախմբի ղեկավար, ԵՊՀ Մշակութաբանության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համլետ Պետրոսյանն Արմավիրի մարզպետարանում կրթության, մշակույթի և սպորտի վարչության նախաձեռնությամբ և անմիջական աջակցությամբ կազմակերպված ցուցադրությանը ներկայացրեց Տիգրանակերտի 2013թ. հնագիտական պեղումների արդյունքները:
Ցուցադրությանը ներկա էին տարբեր կրթական հաստատությունների պատասխանատուներ, սաներ, ովքեր ծանոթացան ոչ միայն ներկայացված ցուցանմուշներին, այլև կարևոր տեղեկություն ստացան պատմական փաստերի վերաբերյալ՝ Տիգրանակերտի պեղումների ընթացքը և արդյունքները ներկայացնող տեսանյութի, ապա նաև՝ արշավախմբում ընդգրկված ուսանողների կողմից պատրաստված <<Մենք Տիգրանակերտում>> ֆիլմի դիտումով:
Տիգրանակերտի արշավախմբի ղեկավարի խոսքով՝ պեղավայրը հայտնաբերվել է 2005թ. և ողջ մակերեսը կազմում է 70 հեկտար, որից պեղվել է շուրջ 1.7 հեկտարը՝ 2.5 մետր միջին խորությամբ: Բուն քաղաքում պեղումներն ընթացել են երեք հիմնական տեղամասերում` Ամրացված թաղամասի հյուսիսային պարսպապատի շարունակության վրա, Անտիկ թաղամասում և Վաղքրիստոնեական տաճարի հյուսիսային բակում:
Ըստ Համլետ Պետրոսյանի՝ Տիգրանակերտում իրականացված հնագիտական պեղեումների ժամանակ հայտանաբերված Սասանյան դրոշմները, կնիքները և մի շարք այլ իրեր վկայում են, որ Տիգրանակերտը եղել է ոչ թէ գավառական քաղաք, այլ հզոր քաղաքակրթական կենտրոն՝ ստրատեգիական կարևոր նշանակությամբ:
Համլետ Պետրոսյանն իր խոսքում ընդգծեց, որ արշավախմբի հիմնական նպատակը ոչ միայն բնակավայրը հետազոտելն է, գիտականորեն ապացուցելը վաղնջական ժամանակներից հայերի էթնիկ-մշակութային առկայությունը Արցախի տարածքում, այլև այն մերօրյա մշակութային գործընթացի մաս դարձնելը, որի նպատակով էլ 2010թ. հենց պեղավայրում բացվել է թանգարան, որն իր տեսակով ամենաընդարձակ և հաջողված հնագիտական թանգարան է համարվում՝ տարեկան շուրջ 30 հազար այցելուով: