Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի ունեցավ մարզպետ Աշոտ Ղահրամանյանի տարեվերջյան մամուլի ասուլիսը

25.12.2013

 ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր հրավիրված տարեվերջյան ամփոփիչ ասուլիսին ներկայացրեց հաշվետու ժամանակահատվածում մարզում իրականացված հիմնական աշխատանքները, խոսեց նաև հիմնախնդիրների ու նախատեսվող ծրագրերի մասին:

Ա. Ղահրամանյանի խոսքով՝ անցնող տարին կարող էր առավել արդյունավետ լինել Արմավիրի մարզի համար, եթե մայիս ամսին տհաճ անակնկալ չմատուցեր աղետալի կարկտահարությունը, որը մեծ վնաս հասցրեց մարզի 46 համայնքի գյուղացիական տնտեսություններին: Միայն 26 համայնքում վնասի չափը կազմել է 100 տոկոս:

Սակայն, ինչպես նշեց մարզպետը, ի պատիվ Հանրապետության Նախագահի, կառավարության, առանձին անհատների ու կազմակերպությունների նախաձեռնությամբ իրականացված աջակցության ծրագրերի՝ գյուղացին իրեն միայնակ չզգաց ստեղծված իրավիճակում և, ընդհանուր առմամբ, հաջողվեց մեղմել կարկտահարության հասցրած վնասները:

Անդրադառնալով գյուղատնտեսության ոլորտում իրականացված աշխատանքներին՝ մարզպետ Ա. Ղահրամանյանը նշեց, որ չնայած աննախադեպ կարկտահարությանը՝ ձեռնարկված համալիր միջոցառումների շնորհիվ հաշվետու տարում հացահատիկի, բոստանի, բանջարեղենի և խոտի արտադրության ծավալը մարզում գերազանցել է նախորդ տարվա մակարդակը: Թերակատարում է գրանցվել միայն կարտոֆիլի մասով:

Մարզպետի խոսքով՝ 2013թ. գյուղատնտեսական արտադրության մեջ գույքագրվել է 43303 հա հողատարածություն, որը 656,2 հեկտարով կամ 1,53 տոկոսով ավել է 2012-ի համեմատությամբ: Հաշվետու տարում մարզում հիմնվել են 575,87հա բազմամյա տնկարքներ՝ այդ թվում՝ 334,13հա պտղատու և 241,74հա խաղողի այգիներ:

Ըստ մարզպետի՝ պայմանական անասնագլխաքանակը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 71247 գլուխ, որը 13455 պայմանական գլխով ավել է նախորդ տարվա համեմատությամբ, կամ պայմանական անասնագլխաքանակը ավելացել է 23,3 տոկոսով: Մարզում նախորդ տարվա համեմատությամբ 22,3 տոկոսով գերազանցվել է մսի, 9,7 տոկոսով՝ կաթի և 35,9 տոկոսով՝ ձվի արտադրության ցուցանիշը:

Մարզպետ Ա. Ղահրամանյանն իր խոսքում ընդգծեց, որ գյուղատնտեսության բնագավառում 2013թ. կտրվածքով համախառն արտադրանքի արժեքը կգերազանցի 150 մլրդ դրամի շեմը, որը 4-5 տոկոսով ավել է նախորդ տարվա համեմատությամբ:

Խոսելով մարզի առևտրաարդյունաբերական ընդհանուր իրավիճակի մասին՝ մարզպետը նախ ներկայացրեց մարզում էական կշիռ ունեցող արտադրական ձեռնարկությունները և նշեց, որ դրանցում թողարկված արտադրանքի ծավալը 2013թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին ընթացիկ գներով կազմել է 39641.5 մլն դրամ, պատրաստի արտադրանքի իրացումը՝ 39659.0 մլն դրամ, իսկ արդյունաբերական արտադրանքի ինդեքսը՝ 107.8 տոկոս:

Ըստ նրա՝ 2013թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին Արմավիրի մարզի սպառողական շուկայում մանրածախ առևտրի շրջանառությունը կազմել է մոտ 21.5 մլրդ. դրամ, ընդ որում՝ առևտրի շրջանառության գերակշռող մասը` 12.9 մլրդ դրամ կամ 60 տոկոսը ձևավորվել է խանութների և սպառողական ապրանքների շուկաների միջոցով: Միջին հաշվով մեկ բնակչին բաժին ընկնող մանրածախ առևտրի շրջանառությունը կազմել է 80325.9 դրամ կամ հանրապետության միջինի նկատմամբ 25.6 տոկոս:

Ա. Ղահրամանյանը նշեց, որ մարզում գործում են 453 մանրածախ առևտրի օբյեկտ, որից՝ 172 խանութ, 4 սպառողական շուկա, 2 գյուղարտադրանքի շուկա, 227 կրպակ, 48 առևտրի այլ օբյեկտներ: Իսկ ծառայությունների ծավալը կազմում է 12.4 մլրդ.դրամ, միջին հաշվով մեկ բնակչին բաժին ընկնող ծառայությունների ծավալը կազմում է 12430.1 դրամ կամ հանրապետության միջինի նկատմամբ 19 տոկոս:

Նա տեղեկացրեց, որ ըստ Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի (e-register.am) հրապարակած տվյալների` Արմավիրի մարզում գործում են ընդհանուր առմամբ 1417 առևտրային կազմակերպություններ, 439 հասարակական կազմակերպություններ և 6462 անհատ ձեռնարկատերեր: 2013թ. հունվարի 1-ից դեկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում պետական ռեգիստրում գրանցվել են 988 կազմակերպություններ, այդ թվում՝ 72 ՍՊԸ, 4 ՀԿ, 4 ՀՈԱԿ, 1 ոչ առևտրային մասնաճյուղ, 2 առևտրային մասնաճյուղ, 1 հիմնադրամ, 1 հիմնարկ, 1 սպառողական կոոպերատիվ և 902 անհատ ձեռնարկատեր, որն, ըստ նրա, նախադրյալներ է ստեղծել մարզում նոր աշխատատեղերի ավելացման ուղղությամբ:

Ներկայացնելով հաշվետու տարում մարզում իրականացված ներդրումային ծրագրերը՝ Ա. Ղահրամանյանն ընդգծեց, որ պետական և մասնավոր ներդրումների արդյունքում իրականացվել են շուրջ 11076.6 մլն դրամի տարբեր ոլորտային ծրագրեր, այդ թվում՝ ՀՀ պետական բյուջեի միջոցներով՝ 8207.5 մլն դրամի, միջազգային և դոնոր կազմակերպությունների միջոցներով՝ 47.9 մլն դրամի, մասնավոր ներդրումներով՝ 2492.9 մլն դրամի և համայնքային բյուջեի միջոցներով՝ 328.3 մլն դրամի:

Ըստ մարզպետի՝ անցնող տարում իրականացվել են հետևյալ հիմնական աշխատանքները. վերանորոգվել է 18 դպրոց և 3 մանկապարտեզ, 5 դպրոցում ներդրվել է լոկալ ջեռուցման համակարգ, 18 երաժշտական և արվեսի կրթօջախներ ապահովվել են անհրաժեշտ մշակութային գույքով և օժանդակ սարքավորումներով, բացվել է 13 նախակրթարան, վերաբացվել է 3 բժշկական ամբուլատորիա, ևս 2-ը կվերաբացվի Վանանդ և Բագարան համայնքներում, իսկ բժշկական կենտրոնները համալրվել են նորագույն սարքավորումներով, Արմավիր քաղաքի Շահումյան 11 և 13 վթարային շենքերի 44 ընտանիք վերաբնակեցվել է վերակառուցված և բնակելի շենքի համապատասխանեցած Արմավիրի պահածոների գործարանի նախկին վարչական շենքում, լուծվել է ևս 3 անապահով ընտանիքի բնակարանային խնդիր, գազաֆիկացվել է 4 համայնք, վերանորոգվել են 3 քաղաքային համայնքների թվով 8 բազմաբնակարան շենքերի տանիքներ, հիմնանորոգվել է միջպետական և հանրապետական նշանակության 32.9 կմ ճանապարհ, մի շարք համայնքներ ապահովվել են փողոցային լուսավորությամբ, մեծածավալ աշխատանքներ են տարվել խմելու ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերում, իրականացվել են նաև առաջնային նշանակության մի շարք այլ ոլորտային ծրագրեր:

Անդրադառնալով կրթության ոլորտին՝ մարզպետ Ա. Ղահրամանյանը տեղեկացրեց, որ մարզային ենթակայության 21 հիմնական, 2 հատուկ և 91 միջնակարգ դպրոցներում 2013-2014 ուսումնական տարում ընդգրկված է եղել 30673 աշակերտ, այդ թվում՝ 3457 առաջին դասարանցի: Նա ուրախությամբ փաստեց, որ մարզում տարեցտարի ավելանում է առաջին դասարան հաճախողների թիվը. այս տարի այն աճել է 175-ով, իսկ նախորդ տարի՝ 287-ով:

Ա. Ղահրամանյանի խոսքով՝ մարզում նախադպրոցական կրթություն է իրականացնում ընդհանուր թվով 34 դպրոց, որոնցում գործում է 47 խումբ՝ 957 երեխաներով: Մարզում գործում է նաև 61 մանկապարտեզ, որոնցում ընդգրկված է 4980 երեխա: 2013-2014 ուսումնական տարում մարզի հանրակրթական դպրոցներում աշխատում է 3287 ուսուցիչ: Ատեստավորման նպատակով վերապատրաստվել է 648 ուսուցիչ, որից ատեստավորվել է 608-ը:

Մարզպետը հավաստիացրեց, որ կանոնավոր կերպով բարելավվում է դպրոցների նյութա-տեխնիկական բազան, կահավորումը և ուսուցողական պարագաներով վերազինումը, իսկ դպրոցներն ապահովված են անհրաժեշտ քանակությամբ դասագրքերով:

Ա. Ղահրամանյանն անդրադարձավ նաև առողջապահության և սոցիալական ապահովության ոլորտներին՝ մասնավոապես ընդգծելով, որ հաշվետու ժամանակահատվածում մարզի երեք հիվանդանոցներում համավճարի սկզբունքով հիվանդանոցային բուժօգնութուն է ստացել 8699 հիվանդ, վճարի չափը կազմել է 34 մլն 501 հազար դրամ: 1509 հիվանդ ստացել է վճարովի բուժօգնություն` վճարելով 97 մլն 344 հազար դրամ:

Նա նշեց, որ 2013թ. կենտրոնական գնմամբ և մարդասիրական ճանապարհով տարբեր հիվանդությունների բուժման նպատակով ստացվել և մարզի բուժհաստատություններին է բաշխվել շուրջ 204 մլն 994 հազար դրամի տարբեր դեղամիջոցներ: Մարզի բոլոր հիվանդանոցները հաշվետու տարում պարբերաբար ձեռք են բերել և մշտապես ապահովված են եղել անտիգյուրզինով, հակափայտացման, հակաբոտուլինային շիճուկներով, հակակատաղության վակցինայով և հակափայտացման անատոքսինով:

Նա նշեց նաև, որ համաճարակային իրավիճակը մազում եղել է կայուն և վերահսկելի: 2013 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ մարզում ծնվել է 2607 երեխա, մահացել` 0 -18 տարեկան 17 երեխա, իսկ մայրական մահացության դեպք վերջին 6 տարիներին չի արձանագրվել:

Ներկայացնելով սոցիալական ապահովության ոլորտում իրականացված աշխատանքները՝ մարզպետը մասնավորապես տեղեկացրեց, որ 2013 թվականի հաշվետու ժամանակահատվածում մարզի երեք սոցիալական ծառայությունների տարածքային գրասենյակներում /ՍԾՏԳ/ կազմակերպվել և իրականացվել են ընտանիքների անապահովության գնահատման համակարգով հաշվառված ընտանիքների փաստագրման աշխատանքներ: Դեկտեմբերի 1-ի դրությամբ փաստագրվել է 6723 ընտանիք, որից նպաստառու է` 5558-ը: Իսկ մարզպետարանի կողմից հրատապ դրամական օգնություն է տրամադրվել 1614 ընտանիքի:

Ա. Ղահրամանյանի փոխանցմամբ՝ նույն ժամանակահատվածի կտրվածքով մարզի զբաղվածության տարածքային գործակալություններում հաշվառված է աշխատանք փնտրող 4597 մարդ, որոնցից գործազուրկի կարգավիճակ է ստացել 2482-ը: Հաշվետու ժամանակահատվածում գործակալություններում հաշվառված աշխատանք փնտրող անձանցից աշխատանքի են տեղավորվել 392-ը:

Մարզպետը խոսեց նաև ներմարզային խնդիրների, դրանց լուծման հնարավոր ուղիների, արտաքին հարաբերությունների ոլոտում իրականացված աշխատանքների և նախատեսվող ծրագրերի մասին: Մարզպետ Ա. Ղահրամանյանի գնահատմամբ` անելիքներ բոլոր ոլորտներում էլ դեռ կան և դրանց ըստ առաջնայնության լուծում կտրվի:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 16:45:23