Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հայակական Կարմիր խաչի ընկերությունը շարունակում է օգնել կարկտից տուժած ընտանիքներին
17.01.2014
Հունվարի 17-ից Հայկական Կարմիր խաչի ընկերությունը /ՀԿԽԸ/ վերսկսել է մարդասիրական օգնության բաշխումը Արմավիրի մարզի կարկտից առավել տուժած 15 համայնքում:
ՀԿԽԸ-ն 2013թ. մայիսի 12-ին տեղացած կարկուտից անմիջապես հետո արձագանքելով մարզպետ Աշոտ Ղահրամանյանի` կարկտից տուժած ընտանիքներին օգնություն ցուցաբերոլու խնդրանքին և հետևելով իր մարդասիրական առաքելությանը` ակտիվ գործունեություն սկսեց աղետից տուժած համայնքներին օգնություն տրամադրելու համար. Արմավիրի մարզպետարանի, համապատասխան համայնքապետարանների և Կարմիր խաչի Արմավիրի մարզային մասնաճյուղի հետ միասին ստեղծված Աղետներին արձագանքման թիմն իրականացրեց արագ գնահատում, որի արդյունքում հստակեցվեցին վնասների մոտավոր չափերը, անհրաժեշտ օգնության տեսակը և առավել խոցելի խմբերը: Արդյունքում` կարկտահարությունից տուժած շուրջ 4000 ընտանիքի բաշխվեց սննդի և հիգիենիկ պարագաների փաթեթներ՝ 250 հազար դոլար ընդհանուր արժողությամբ:
ՀԿԽԸ-ն, հավատարիմ մնալով իր որդեգրած քաղաքականությանը, առաջիկա օրերին 50 հազար դոլար ընդհանուր արժողությամբ հիգիենիկ պարագաների փաթեթներ կբաշխի կարկտահարությունից առավել տուժած 15 համայնքում ծայրահեղ ծանր պայմաններում ապրող շուրջ 1500 ընտանիքի:
Այսօր մարդասիրական օգնության բաշխումն իրականացվեց Մրգաշատ, Ալաշկերտ և Արևիկ համայնքներում: Բաշխմանը ներկա էր նաև ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը: Նա շնորհակալություն հայտնեց ՀԿԽԸ նախագահությանը՝ կարկտահարությունից տուժած ընտանիքներին արդեն երկրորդ անգամ տրամադրվող օգնության համար և նշեց, որ բոլոր շահառուները գոհունակությամբ են արձագանքել սպասվող օժանդակությանը: