Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Բանակի օրվան ընդառաջ

24.01.2014

Այսօր Արմավիրի մշակույթի տանը մեծ հանդիսությամբ նշվեց Հայոց բանակի կազմավորման 22-ամյա հոբելյանը, որին մասնակցում էին ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, Հայ Առաքելական եկեղեցու Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանը, Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը, Հանրապետական գործադիր մարմինների և զինված ուժերի մարզային ստորաբաժանումների ղեկավարներն ու աշխատակիցները:

Օրվա առթիվ ներկաներին ողջունեց և շնորհավորանքի խոսք հղեց մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, որում ասված էր. <<Սրբազան հայր, Հայոց բանակի սպաներ, զինվորներ, հարգելի ներկաներ,

Մենք դարձյալ սիրով ու հպարտությամբ ենք հավաքվել` նշելու Հայոց պանծալի բանակի կազմավորման 22-ամյա հոբելյանը: Մեզ դարձյալ ուղեկցում է վեհության և երախտագիտության մեծ խորհուրդը, որի խորքերում բանակի հանդեպ ժողովրդական սիրո խոստովանանքն է և մեր հայրենիքի ու պետության գնահատականը: Դարեր շարունակ հայրենի հողի, մեր մայրերի ու մանուկների, հայոց օջախների աննկուն պաշտպանն է եղել հայ ռազմիկը: Նրա փառքի ճանապարհը ժողովրդի հիշողության մեջ փոխանցվել է դարեր շարունակ, հատկապես Սարդարապատից, Հայրենական մեծ պատերազմի հաղթական տարիներից` դառնալով Արցախի գոյամարտի ազատության, հայրենի հողի փրկության նվիրյալների համար ռազմարվեստի գերագույն դաս: Իրենց կամքը, զենքի ուժը և նպատակները միավորելով` Հայոց նորաստեղծ բանակը, երկրապահներն ու կամավորները կարողացան 20-րդ դարավերջի արցախյան հաղթանակներով պսակել մեր տարեգրության ոսկե մատյանը: Եվ այսօրվա երախտագիտության մեր խոսքը հնչում է այդ բարձունքից` գնահատելով ու չմոռանալով բոլոր նրանց, ովքեր փառքի և հիացումի սխրանքներով կերտեցին իրենց կենսագրությունը` հավաստելով հայ ժողովրդի արդար պահանջը, ցուցաբերելով աննահանջ ձգտում և ոգու արիություն:

Սիրելի բարեկամներ, պատմությունն է վկայում, որ հանուն հայրենյաց փրկության` հաղթանակները հեշտությամբ չեն նվաճվում: Միշտ էլ Ճակատամարտերը շահում են նրանք, ովքեր կյանքի գնով և իրենց ինքնազոհողությամբ գնում են մինչև վերջ` գիտակցելով ազգային արժեքների վերահաստատման գերագույն իմաստը: Արցախում իրենց արյամբ, պապենական հինավուրց մեր հողի ազատագրման, հայրենիքի անմար գաղափարների համար ընկան մեր ժողովրդի պայծառ զավակները: Հոտնկայս խոնարհվենք նրանց լուսավոր անունների առջև, մեկ անգամ ևս փառաբանենք նրանց սխրանքն ու շարունակվող գործը:

Հպարտությամբ նշելով Հայոց բանակի ծննդյան հիշարժան տարեդարձը, պիտի փաստենք, որ հանձին նրա` տարածաշրջանում ունենք ամրակուռ, միասնական ու վիթխարի մի ուժ, որն իր մարտունակությամբ ցանկացած պահի կարող է դիմակայել այն թշնամիներին, ովքեր ավազակաբարո գործողություններով փորձ կանեն մոտենալ մեր սահմաններին: Ի պատիվ մեր արժանի զինվոր զավակների և մեր աննկուն սպաների` Հայոց սահմանները միշտ ամուր են, իսկ մեր պաշտպանները` վստահ և աչալուրջ:

Սիրելի բարեկամներ, գաղտնիք չէ, որ աշխարհը, նաև մեր տարածաշրջանը կանգնած են մարտահրավերների առջև: Այդ բանի հստակ գիտակցումով մեր պետությունն ու երկրի ղեկավարությունը ամեն ինչ անում են էլ ավելի հզորացնելու մեր զինված ուժերը` նպաստելով մշտական կայունության և խաղաղության պահպանման գործին: Խաղաղ այս օրերին թշնամու դավադիր գնդակից ընկած թեկուզ մեկ զինվորի կորուստը համաժողովրդական ցավ ու կսկիծ է, իսկ նրա մարտական սխրանքը հերոսացում է` հայրենիքի հանդեպ իր պարտքը կատարելիս:

Եվ այսօր, հայոց տոնացույցի հիշարժան այս տոնի կապակցությամբ, լուսավոր մեր տրամադրություններին զուգընթաց մեզնից յուրաքանչյուրը պարտավոր է հավուր պատշաճի գնահատել բանակի դերն ու նշանակությունը և պարտքի զգացումով հիշել ու փառաբանել մերօրյա հերոս տղաներին:

Ուրեմն փառք ու պատիվ Հայոց բանակի բոլոր զորամիավորումներին, նրանց մարտական անձնակազմերին, բոլոր նրանց, ովքեր գիշեր ու զօր մեր երկրի սահմանների աննկուն պաշտպաններն են, միշտ պատրաստ դիմակայելու թշնամական բոլոր ոտնձգություններին:

Կեցցե, 22-ամյա Հայոց ազգային բանակը, որը մեր պետության հզորության գրավականն է, մեր ներկայի ու ապագայի պանծալի ուղեկիցը>>:

Հայոց բանակի կազմավորման 22–ամյա հոբելյանի առթիվ մարզպետ Աշոտ Ղահրամանյանը դրամական պարգևներ հանձնեց զինված ուժերի մարզային ստորաբաժանումների մեծ թվով սպաների:

Օրվա առթիվ օրհնության և բարեմաղթանքի խոսք հղեց Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 16:45:23