Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային այցով Արմավիրի մարզում էր Տիգրան Սարգսյանը

01.03.2014

Աշխատանքային այցով այսօր Արմավիրի մարզում էր ՀՀ Վարչապետ Տիգրան Սարգսյանը: Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի, Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի, Աշխատանքի և ոցիալական հարցերով նախարար Արտեմ Աստրյանի և Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի ուղեկցությամբ Տիգրան Սարգսյանը նախ եղել է Արշալույս և Ակնալիճ համայնքների մերձակայքում գտնվող հակակարկտային կայանում՝ ծանոթացել վերջինիս աշխատանքներին:

Վարչապետին զեկուցվել է, որ Արմավիրում ներդրվում է հակակարկտային կայանների երկրորդ շերտը: ՀՀ պետբյուջեից հատկացված միջոցների շնորհիվ ձեռք է բերվել 80 նոր հակակարկտային կայան, որից 50-ը կտեղադրվի Արմավիրի մարզում՝ դրանց թիվը հասցնելով 161-ի: Ակնկալվում է, որ այդպիսով էապես կբարձրացվի հնարավոր կարկուտից պաշտպանվածության արդյունավետությունն ու հուսալիությունը:

Այնուհետև Ակնալիճ համայնում Տիգրան Սարգսյանը հանդիպել է խաղողի այգիներում աշխատանքներ իրականացնող գյուղացիներին, զրուցել նրանց հետ՝ ծանոթացել առկա խնդիրներին, խոսել դրանց լուծման հնարավոր ուղիների մասին: Գյուղացիները շնորհակալություն են հայտնել վարչապետին՝ նախորդ տարվա ընթացքում տեղացած կարկտահարությունից հետո տարբեր սոցիալական ծրագրեր իրականացնելու համար, մասնավորապես՝ հողի հարկը, ջրի վարձը փոխհատուցելու, սերմացու, պարարտանյութ, դիզվառելիք, ինչպես նաև դրամական միանվագ օգնություն տրամադրելու համար:

Կառավարության ղեկավարը տեղեկացրել է, որ պետությունը շարունակելու է դիզվառելիքի, պարարտանյութի և սերմացուի սուբսիդավորման ծրագրերը, ինչի արդյունքում դրանք գյուղացիներին կտրամադրվեն շուկայականից էապես ցածր գներով:

Այնուհետև Տիգրան Սարգսյանն այցելել է Ակնալիճ համայնքի սոցիալապես անապահով ընտանիքներից մեկի բնակարան և փոխանցել տարբեր նվերներ: Վարչապետը հանձնարարել է Աշխատանքի և ոցիալական հարցերով նախարարին՝ 4 ուսանող ունեցող ընտանիքին ներգրավել համապատասխան սոցիալական ծրագրերում:

Աղբյուրը՝ gov.am

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 16:45:23