Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Արմավիրի մարզում հաջողությամբ ընթանում են 2014թ. գյուղատնտեսության աջակցության ծրագրերը
12.03.2014
Գյուղատնտեսական աշխատանքների իրականացման գործում հողօգտագործողներին աջակցելու նպատակով շուրջ երեք տարի է, ինչ իրականացվում են սերմնաբուծության և սերմարտադրության, ինչպես նաև դիզելային վառելանյութի և ազոտական պարարտանյութի մատչելի գներով ձեռքբերման պետական աջակցության ծրագրերը:
Այս տարի Արմավիրի մարզի գյուղացիական տնտեսություններին, մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչություն նախապես ներկայացված հայտերի հիման վրա, պետության սուբսիդավորմամբ որպես աջակցություն հատկացվելու է 7000 տոննա ազոտական պարարտանյութ, 300 տոննա ֆոսֆորական պարարտանյութ և 200 տոննա կալիումական պարարտանյութ:
Ազոտական մեկ պարկ պարարտանյութի համար հողօգտագործողը վճարում է 6000, ֆոսֆորականի և կալիումականի համար` 7000 դրամ:
Մարտի 12-ի դրությամբ մարզ է ներկրվել և գյուղացիական տնտեսություններին է բաշխվել 2078 տոննա պարարտանյութ՝ շուկայականից 30-50% ցածր գնով:
Մարզի հողօգտագործողների կողմից հայտ է ներկայացրել նաև 2000000 լիտր դիզելային վառելանյութի ձեռք բերման համար, որն ամբողջությամբ բավարարվել է: Նշված չափաքանակից 60000 լիտրն արդեն բաշխվել է հողօգտագործողներին՝ 1 լիտրը 350 դրամով, որը շուկայական գնից ցածր է 30%-ով:
Ամողջությամբ բավարարվել է նաև 18 տոննա գարու, 6,5 տոննա առվույտի և 0,6 տոննա եգիպտացորենի սերմացուների պահանջարկը: Դարձյալ շուկայականից անհամեմատ ցածր գնով գյուղացիական տնտեսությունները վճարել և ստացել են 12730 կիլոգրամ գարու և 5580 կիլոգրամ առվույտի սերմացու:
Ոլորտի պատասխանատուների ամենօրյա հսկողության ներքո Արմավիրի մարզում հաջողությամբ շարունակում է ընթանալ սերմացուի, պարարտանյութի և դիզելային վառելանյութի ներկրման և բաշխման գործընթացը: