Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տեղի ունեցավ շախմատի հանրապետական համադպրոցական օլիմպիադայի մարզային մրցաշարը
26.03.2014
Արմավիր քաղաքի շախմատի դպրոցում այսօր տեղի ունեցավ շախմատի հանրապետական համադպրոցական 8-րդ օլիմպիադայի մարզային մրցաշարը, որն իրենց ներկայությամբ պատվեցին մարզպետ Աշոտ Ղահրամանյանը և Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանը:
Շախմատի հանրապետական օլիմպիադայի մարզային՝ կիսաեզրափակիչ փուլին մասնակցում էին տարածաշրջանային մրցաշարում հաղթած Էջմիածնի Ներսիսյան վարժարանի, Մեծամորի թիվ 1 և Մյասնիկյանի դպրոցների հավաքական երեք թիմերը, որոնցից յուրաքանչյուրում ընդգրկված էին երեք պատանի և մեկ աղջիկ:
Մարզային մրցաշարին մասնակցող թիմերից առաջին պատվավոր տեղը զբաղեցրեց Մեծամորի 1-ին դպրոցը ներկայացնող թիմը՝ անհատական խաղում իր օգտին գրանցելով 9,5 միավոր, իսկ թիմային խաղում՝ 5 միավոր: Մրցաշարի 2-րդ և 3-րդ տեղերը հաջորդաբար զբաղեցրեցին՝ Մյասնիկյանի դպրոցը և Էջմիածնի Ներսիսյան վարժարանը ներկայացնող թիմերը՝ իրենց օգտին թիմային պայքարում գրանցելով 3-ական միավոր, անհատականում՝ 7,5 և 7 միավոր:
Շնորհավորելով հաղթող թիմերին և կարևորելով դպրոցականների շրջանում շախմատի օլիմպիադայի անցկացումը՝ մարզպետ Աշոտ Ղահրամանյանը նշեց, որ շախմատ մարզաձևը դրականորեն է անդրադառնում սովորողների բարոյաֆիզիկական և հոգևոր հատկանիշների դաստիարակման վրա: Նա ողջունեց շախմատի մասսայականացմանն ուղված գործընթացները՝ դրանցում առանձնակի կարևորելով Հանրապետության Նախագահի և Շախմատի ֆեդերացիայի դերը: Հատկանշական համարելով մարզաձևում ունեցած ձեռքբերումները՝ մարզպետը հույս հայտնեց, որ Հայստանը, լինելով փոքր պետություն, աշխարհի առջև կարող է հանդես գալ որպես շախմատային հզոր տերություն:
Շախմատի հանրապետական համադպրոցական օլիմպիադայի մարզային փուլում հաղթող ճանաչված թիմերին շնորհավորեց նաև Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանը՝ նրանց հանձնելով հաղթական գավաթներ և պատվոգրեր:
Հաղթող թիմերն արժեքավոր նվերներ ստացան նաև օլիմպիադայի աջակից հանդիսացող Հայկական բարեգործական ընդհանուր հիմնադրամի կողմից:
Օլիմպիադայի եզրափակիչ փուլը տեղի կունենա մայիս ամսին՝ Ստեփանակերտում: