Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Քննարկվեցին սպասվող ցրտահարությանը և հակակարկտային կայանքների գործարկմանը վերաբերող հարցեր
28.03.2014
ՀՀ Արմավիրի մարզպետարանում այսօր Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի, Արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Հայկարամ Մխիթարյանի, Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի գլխավորությամբ և մարզի համայնքների ղեվարների, ինչպես նաև մարզպետարանի և նշված գերատեսչությունների պատասխանատու պաշտոնյաների մասնակցությամբ հրավիրված խորհրդակցությանը քննարկվեցին մարտի 30-ի լույս 31-ի գիշերը Արարատյան դաշտում սպասվող ցրտահարության դեմ պայքարի միջոցառումներ իրականացնելուն և մարզում տեղակայված հակակարկտային կայանքների արդյունավետ գործարկումն ապահովելուն վերաբերող հարցեր:
Խոսելով հանրապետությունում նախատեսվող ջերմաստիճանի անկման մասին՝ Գյուղատնտեսության նախարարը հայտնեց, որ վերը նշված օրերին Արարատյան դաշտում և նրա նախալեռներում սպասվում է օդում մինչև -2 աստիճան, հողի մակերևույթին՝ -5 աստիճան ցուրտ, որի պայմաններում կարող են վնասվել ծիրանենին, սալորենին, դեղձենին, կեռասենին, բալենին և այլ կորիզավոր պտղատեսակներ, խաղողի վաղահաս սորտերի բացված բողբոջները, եթե իհարկե չիրականացվեն պայքարի համապատասխան միջոցառումներ:
Պտղատու այգիները ցրտահարության հնարավոր վտանգից պաշտպանելու համար նախարարը հորդորեց դիմել ավանդական միջոցներին՝ այգիների հարակից ճանապարհների վրա, քամու ուղղությամբ, պատրաստել կիսաչոր բուսական մնացորդների, աթարի ու այլ այրվող նյութերի կույտեր և գիշերվա ժամերին, երբ ջերմաստիճանը նվազելով սկսում է մոտենալ զրո աստիճանին՝ այրել (ծխեցնել) նշված կույտերը, ամբողջ այգին պատելով կայուն ծխածածկույթով:
Սերգո Կարապետյանը խորհուրդ տվեց նաև սպասվող ցրտահարության օրը կորիզավոր պտղատու այգիները, բաց դաշտում սածիլված վաղահաս բույսերը գիշերային ժամերին առատ ոռոգել՝ միաժամանակ տեղեկացնելով, որ մարզպետ Աշոտ Ղահրամանյաը պայմանավորվածություն է ձեռք բերել Ջրօգտագործող ընկերությունների տնօրենների և ոլորտի պատասխանատուների հետ՝ այդ օրերին գյուղացիական տնտեսություններին ոռոգմա ջրով ապահովելու հետ կապված:
Սինթետիկ թաղանթների տակ աճեցվող բանջարաբոստանային տարբեր մշակաբույսերը պաշտպանելու առումով խորհուրդ տրվեց հնարավորության դեպքում կատարել ջեռուցում, իսկ դրա անհնարիության դեպքում օգտագործել լրացուցիչ ծածկոցներ՝ ապահովելով դրական ջերմաստիճանային ռեժիմ:
Ի հավելումն ասվածի՝ նախարար Ս. Կարապետյանը հայտնեց, որ մարտի 30-ից իր և նախարարության մյուս պատասխանատուների գլխավորությամբ խորհրդատվական խմբեր կայցելեն Արմավիրի մարզ և մարզպետ Ա. Ղահրամանյանի, մարզպետարանի աշխատակազմի համապատասխան պաշտոնյաների ուղեկցությամբ կշրջեն համայնքներում՝ գյուղացիական տնտեսություններին անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու նպատակով:
ՀՀ Արմավիրի մարզում տեղակայված հակակարկտային կայանքների լիցքավորման և շահագործման հարցերին անդրադարձավ Արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Հայկարամ Մխիթարյանը՝ մասնավորապես նշելով, որ այսուհետ մարզում գտնվող շուրջ 165 հակակարկտային կայանքները կառավարվելու են ԱԻՆ հակաճգնաժամային կենտրոնից, և կատարելու են միայն համաձայնեցված համազարկեր՝ էապես բարձրացնելով հնարավոր կարկուտից պաշտպանվածության արդյունավետությունն ու հուսալիությունը:
Մարզպետ Աշոտ Ղահրամանյանի հետ պայմանավորվածություն ձեռք բերվեց համայնքապետարանների կողմից հակակարկտային կայանքների լիցքավորման գործընթացի առնչությամբ:
Ամփոփելով հարցի քննարկումը՝ ԱԻՆ փոխնախարարը հայտնեց, որ մինչև ապրիլի 10-ը մարզում 100 տոկոսով ավարտին կհասցվեն կարկտահարության դեմ պայքարի միջոցառումները: