Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քննարկվեցին սպասվող ցրտահարությանը և հակակարկտային կայանքների գործարկմանը վերաբերող հարցեր

28.03.2014

ՀՀ Արմավիրի մարզպետարանում այսօր Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի, Արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Հայկարամ Մխիթարյանի, Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի գլխավորությամբ և մարզի համայնքների ղեվարների, ինչպես նաև մարզպետարանի և նշված գերատեսչությունների պատասխանատու պաշտոնյաների մասնակցությամբ հրավիրված խորհրդակցությանը քննարկվեցին մարտի 30-ի լույս 31-ի գիշերը Արարատյան դաշտում սպասվող ցրտահարության դեմ պայքարի միջոցառումներ իրականացնելուն և մարզում տեղակայված հակակարկտային կայանքների արդյունավետ գործարկումն ապահովելուն վերաբերող հարցեր:

Խոսելով հանրապետությունում նախատեսվող ջերմաստիճանի անկման մասին՝ Գյուղատնտեսության նախարարը հայտնեց, որ վերը նշված օրերին Արարատյան դաշտում և նրա նախալեռներում սպասվում է օդում մինչև -2 աստիճան, հողի մակերևույթին՝ -5 աստիճան ցուրտ, որի պայմաններում կարող են վնասվել ծիրանենին, սալորենին, դեղձենին, կեռասենին, բալենին և այլ կորիզավոր պտղատեսակներ, խաղողի վաղահաս սորտերի բացված բողբոջները, եթե իհարկե չիրականացվեն պայքարի համապատասխան միջոցառումներ:

Պտղատու այգիները ցրտահարության հնարավոր վտանգից պաշտպանելու համար նախարարը հորդորեց դիմել ավանդական միջոցներին՝ այգիների հարակից ճանապարհների վրա, քամու ուղղությամբ, պատրաստել կիսաչոր բուսական մնացորդների, աթարի ու այլ այրվող նյութերի կույտեր և գիշերվա ժամերին, երբ ջերմաստիճանը նվազելով սկսում է մոտենալ զրո աստիճանին՝ այրել (ծխեցնել) նշված կույտերը, ամբողջ այգին պատելով կայուն ծխածածկույթով:

Սերգո Կարապետյանը խորհուրդ տվեց նաև սպասվող ցրտահարության օրը կորիզավոր պտղատու այգիները, բաց դաշտում սածիլված վաղահաս բույսերը գիշերային ժամերին առատ ոռոգել՝ միաժամանակ տեղեկացնելով, որ մարզպետ Աշոտ Ղահրամանյաը պայմանավորվածություն է ձեռք բերել Ջրօգտագործող ընկերությունների տնօրենների  և ոլորտի պատասխանատուների հետ՝ այդ օրերին գյուղացիական տնտեսություններին ոռոգմա ջրով ապահովելու հետ կապված:

Սինթետիկ թաղանթների տակ աճեցվող բանջարաբոստանային տարբեր մշակաբույսերը պաշտպանելու առումով խորհուրդ տրվեց հնարավորության դեպքում կատարել ջեռուցում, իսկ դրա անհնարիության դեպքում օգտագործել լրացուցիչ ծածկոցներ՝ ապահովելով դրական ջերմաստիճանային ռեժիմ:

Ի հավելումն ասվածի՝ նախարար Ս. Կարապետյանը հայտնեց, որ մարտի 30-ից իր և նախարարության մյուս պատասխանատուների գլխավորությամբ խորհրդատվական խմբեր կայցելեն Արմավիրի մարզ և մարզպետ Ա. Ղահրամանյանի, մարզպետարանի աշխատակազմի համապատասխան պաշտոնյաների ուղեկցությամբ կշրջեն համայնքներում՝ գյուղացիական տնտեսություններին անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու նպատակով:

ՀՀ Արմավիրի մարզում տեղակայված հակակարկտային կայանքների լիցքավորման և շահագործման հարցերին անդրադարձավ Արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Հայկարամ Մխիթարյանը՝ մասնավորապես նշելով, որ այսուհետ մարզում գտնվող շուրջ 165 հակակարկտային կայանքները կառավարվելու են ԱԻՆ հակաճգնաժամային կենտրոնից, և կատարելու են միայն համաձայնեցված համազարկեր՝ էապես բարձրացնելով հնարավոր կարկուտից պաշտպանվածության արդյունավետությունն ու հուսալիությունը:

Մարզպետ Աշոտ Ղահրամանյանի հետ պայմանավորվածություն ձեռք բերվեց համայնքապետարանների կողմից հակակարկտային կայանքների լիցքավորման գործընթացի առնչությամբ:

Ամփոփելով հարցի քննարկումը՝ ԱԻՆ փոխնախարարը հայտնեց, որ մինչև ապրիլի 10-ը մարզում 100 տոկոսով ավարտին կհասցվեն կարկտահարության դեմ պայքարի միջոցառումները: 
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 16:06:57