Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզի գլխավոր գյուղատնտեսը նախնական տեղեկություններ ներկայացրեց մարզում գրանցված ցրտահարության վերաբերյալ

31.03.2014

Մարտի 30-ին հանրապետությունում գրանցված ջերմաստիճանի կտրուկ անկումը, որը զուգորդվեց հզոր ցիկլոնի, ձյան առատ տեղումների և ուժգին քամու հետ, Արմավիրի մարզում լուրջ վնաս է հասցրել ծիրանենուն, սալորենուն, վաղահաս դեղձենուն, կեռասենուն, ինչպես նաև խաղողի վաղահաս սորտերին:

ՀՀ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Արթուր Այվազյանի տեղեկացմամբ՝ նախնական ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դարձել, որ հիմնականում վնասվել է ծիրանենին, որն ամբողջությամբ գտնվում էր ծաղկած վիճակում, և արդեն ծաղկաթափ էր տեղի ունենում: Նրա խոսքով՝ մարզում առկա է 4031 հա ծիրանի այգի, որից բերքատու է 3073 հա:

Վնասվել են նաև դեղձենու վաղահաս սորտերը՝ շուրջ 1227 հա, սալորենու հիմնական տեսակները՝ շուրջ 709 հա, սեղանի սորտի խաղողի այգիները՝ շուրջ 1700 հա: Ըստ Ա. Այվազյանի՝ մեծ է նաև կեռասենու վաղահաս և միջահաս սորտերի վնասվածության հավանականությունը. այդ պտղատեսակաների բողբոջները գտնվում են բացման փուլում:

Մարզի գլխավոր գյուղատնտեսի խոսքով ՝ մեծ է նաև Վաղարշապատի տարածաշրջանի մի շարք համայնքներում՝ Արագածում, Արշալույսում, Ծիածանում, Հովտամեջում և Հայթաղում սածիլված վաղահաս կաղամբի վնասվածության հավանականությունը:

Ա. Այվազյանը ուրախությամբ փաստեց, որ ցրտահարությունից հիմնականում հաջողվել է պաշտպանել ջերմոցային տնտեսությունները և պոլիէթիլենային ծածկերի տակ աճեցվող բանջարաբոստանային տարբեր մշակաբույսերը, սածիլները, ելակի, կարտոֆիլի բույսերը:

Ներկայացնելով «Հայհիդրոմետ»-ից ստացված տեղեկությունը մարզում առաջիկա գիշերը սպասվող ջերմաստիճանի վերաբերյալ՝ մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետը նշեց, որ մարտի 31-ի լույս ապրիլի 1-ի գիշերն Արմավիրի մարզում կպահպանվի ջերմաստիճանի անկումը և օդում կգրանցվի - 6-7 C աստիճան: Անկայուն բացասական ջերմաստիճանը կշարունակվի մինչև ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը, այնուհետև կգրանցվի դրական ջերմաստիճան:

Այդուհանդերձ նա կոչ արեց մարզի ազգաբնակչությանը չդադարեցնել ցրտահարության դեմ պայքարի հնարավոր միջոցառումները հատկապես ջերմոցային տնտեսություններում և պոլիէթիլենային ծածկերի տակ գտնվող բերքն ու սածիլները փրկելու ուղղությամբ:

Ա. Այվազյանի խոսքով՝ կորուստների իրական ծավալների մասին հստակ տեղեկատվություն կներկայացվի օրեր անց, երբ համայնքներում իրականացվող ուսումնասիրությունների արդյունքում պատկերը կհստակեցվի և հնարավոր կլինի խոսել իրական վնասների մասին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 11:54:40