Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արմավիրում փոխվարչապետը հանդիպեց ցրտահարությունից տուժած համայնքների ղեկավարների հետ

02.04.2014

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր խորհրդակցություն անցկացրեց Արմավիրի մարզի Մյասնիկյանի համայնքապետարանում` գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի, մարզպետ Աշոտ Ղահրամանյանի, Բաղրամյանի տարածաշրջանի համայնքների եւ ջրօգտագործողների ընկերությունների (ՋՕԸ) ղեկավարների մասնակցությամբ:

Համայնքների ղեկավարները ներկայացրեցին ցրտահարությունների հետեւանքով ստեղծված իրավիճակը: Ինչպես ապրիլի 1-ին Արարատի մարզում կայացած հանդիպմանը,այստեղ եւս հիմնականում բարձրացվեցին պետության կողմից աջակցությանը, վարկային պարտավորությունների մեղմմանը, առավել մատչելի ոռոգման ջրով, անհրաժեշտ սերմացուով ապահովմանը վերաբերող հարցեր: Նշվեց, որ մարզի գյուղացիական տնտեսությունների մի մասն արդեն երկրորդ տարին է, ինչ զգալի վնասներ է կրում, եւ համայնքապետների կողմից առաջարկվեց այդ տնտեսությունների նկատմամբ առանձնահատուկ մոտեցում ցուցաբերել:

Փոխվարչապետը տեղեկացրեց, որ վնասի չափերը ճշգրտելու համար ներկայումս աշխատանքներ են իրականացվում տեղերում: Առաջիկայում տուժած գյուղացիական տնտեսությունների աջակցության վերաբերյալ առաջարկություններ կներկայացվեն կառավարություն: Նա խոստացավ, որ Արմավիրի մարզի դեպքում հաշվի կառնվի նաեւ համայնքապետների մատնանշած հանգամանքը: Տեղեկացվեց, որ Ջրային տնտեսության պետական կոմիտեն նույնպես քննարկում է գյուղացիական տնտեսությունների համար առավել մատչելի ոռոգում ապահովելու հարցը, եւ դրա վերաբերյալ եւս առաջարկություններ կներկայացվեն: Բացի այդ, հանձնարարվել է նաեւ գարնանային սելավային ջրերն ինքնահոս համակարգերի միջոցով հասանելի դարձնել գյուղացիական տնտեսություններին:

Վարկային պարտավորությունների խնդրին անդրադառնալով` Ա. Գեւորգյանը տեղեկացրեց, որ հարցը քննարկվել է Կենտրոնական բանկի ղեկավարության հետ, պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ կձեւավորվեն աշխատանքային խմբեր` համայնքներում տնտեսությունների հետ անհատական կարգով աշխատանքներ իրականացնելու եւ պարզելու անցած տարի կարկտահարությունից տուժած տնտեսությունների համար կիրառված մեխանիզմների նպատակահարմարության հարցը ստեղծված իրավիճակում:

Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը ներկայացրեց նախարարության կողմից իրականացվող` ցրտահարության հետեւանքների մեղմանն ուղղված աշխատանքներն ու միջոցառումները: Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որպեսզի համայնքների ղեկավարներն առաջիկա օրերի ընթացքում հաշվարկեն սերմացուի պահանջարկը եւ համապատասխան տեղեկատվություն ներկայացնեն մարզպետարան:

Մարզպետ Աշոտ Ղահրամանյանը տեղեկացրեց, որ այս օրերի ընթացքում Արմավիրի մարզպետարանի և Գյուղատնտեսության նախարարության աշխատակիցները խորհրդատվական բնույթի աշխատանքներ են իրականացրել համայնքներում՝ հիմնականում ջերմոցային տնտեսություններում եւ պոլիէթիլենային ծածկերի տակ գտնվող բերքն ու սածիլները փրկելու ուղղությամբ: Արդյունքում գյուղացուն հաջողվել է պահպանել սպասվող բերքի շուրջ 85 տոկոսը:

Նա իր խոսքում կարևորեց առաջնահերթության կարգով ցրտահարությունից տուժած այգետերերին օժանդակություն ցուցաբերելու հարցը, ինչպես նաեւ առաջարկեց քննարկել մարզում չմշակվող վարելահողերը գյուղացիական տնտեսություններին մշակության հանձնելու հնարավոր ուղիները:

Խորհրդակցության ավարտից հետո Արմավիրի մարզպետարանում Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, Տարածքային կառավարման փոխնախարար Արտաշես Բախշյանը եւ մարզպետ Աշոտ Ղահրամանյանը հանդիպում ունեցան Արմավիրի եւ Վաղարշապատի տարածաշրջանները ներկայացնող համայնքապետերի հետ, որի ընթացքում  քննարկվեցին ստեղծված իրավիճակին եւ ետագա անելիքներին վերաբերող հարցեր:
 

Աղբյուր՝ mta.gov.am

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 16:42:49