Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կառավարության նիստում քննարկվել է ցրտահարության վնասը մեղմելու նպատակով օժանդակություն տրամադրելու հարցը

03.04.2014

Անդրադառնալով վերջին օրերին եղանակային կտրուկ փոփոխությունների պատճառով գյուղատնտեսությանը լուրջ վնաս հասցնելու հետ կապված խնդիրներին՝ այսօր կայացած կառավարության նիստում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է. <<Տեղյակ եք, որ պարոն Գևորգյանի մոտ մի քանի անգամ խորհրդակցություններ են եղել այդ թեմայով և երկու-երեք օրվա ընթացքում մենք կամփոփենք արդյունքները: Շուրջ 11500 հա-ի վրա մենք արձանագրել ենք վնասներ, և այսօր մարզպետները, գյուղնախարարը մանրակրկիտ ուսումնասիրում են ըստ տնտեսությունների, փորձում են գնահատել վնասի ծավալները, որպեսզի օգնությունը և օժանդակությունը լինի առարկայական: Դեռևս ժամանակ ունենք գյուղատնտեսական տարվա ընթացքում շտկելու այն վնասները, որ եղանակային պայմանները հասցրել են, և մենք օգնելու ենք գյուղացիներին, որպեսզի նրանք ստանան լրացուցիչ տարբեր տեսակի սերմեր, պարարտանյութ, որպեսզի այս տարին այդ տնտեսությունների համար կորցրած տարի չլինի: Մենք նաև դիմել ենք Կենտրոնական բանկին` խնդրելով, որպեսզի ֆինանսական խնդիրները քննարկվեն>>:

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը վարչապետին հայտնել է. <<Արդեն իսկ տեղերում որոշակի ուսումնասիրություններ արել ենք, տարբեր գյուղերում հարցումներ ենք կատարել: Բացի այդ, աշխատանք է տարվում բանկերի և վարկային կազմակերպությունների հետ: Մի քանի օրից ամբողջական պատկերը Ձեզ կներկայացնեմ: Կարող եմ ասել, խոսքը մոտավորապես 6 մլրդ վարկային ներդրումների մասին է>>:

Տիգրան Սարգսյանը հավելել է. <<Ինչպես անցած տարի մենք Արմավիրի մարզում գյուղացիական տնտեսություններին օգնեցինք վարկային միջոցներով , վերաձևակերպումներով, այս տարի նույն գործիքը կօգտագործենք և պետական բյուջեն կաջակցի: Մենք կօգնենք գյուղացիական տնտեսություններին ֆինանսական խնդիրները հաղթահարելու հարցում, որպեսզի նրանք կարողանան և գարնանացանը, և աշնանացանը իրականացնեն: Երկու օրվա ընթացքում նաև պարոն Գևորգյանը կամփոփի արդյունքները, և մենք հստակ պատկերացում կունենանք ծավալների մասին, դրանից հետո կհայտարարենք մեր օգնության մասին, արդեն առարկայական` ըստ իրողությունների, և ըստ գումարի չափի>>:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 16:45:23