Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Խորհրդակցություն` համայնքապետերի մասնակցությամբ

10.04.2014

ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր խորհրդակցություն անցկացրեց համայնքապետերի մասնակցությամբ, որի ընթացքում քննարկվեցին հակակարկտային կայանքների գործարկմանը և ցրտահարության հետևանքների մեղմմանն ուղղված միջոցառումների իրականացմանը վերաբերող հարցեր:

Անդրադառնալով մարզում տեղադրված 165 հակակարկտային կայանքների լիցքավորման և ընթացիկ շահագործման հարցերին՝ մարզպետ Աշոտ Ղահրամանյանը նշեց, որ մինչև ապրիլի 15-ը պետք է ավարտին հասցվեն դրանց լիցքավորման և տեխնիկական ուսումնասիրությանն ուղղված աշխատանքները, որպեսզի պատրաստ լինեն դիմակայելու կարկտահարության հնարավոր վտանգին:

Նա առաջարկեց, որ հակակարկտային կայանքների լիցքավորման համար գումար տրամադրեն ոչ միայն այն համայնքները, որտեղ տեղադրված են դրանք, այլ նաև մյուս բոլոր համայնքները՝ այդ թվում քաղաքային: <<Այդ կայնքներն ամբողջ մարզն են պաշտպանելու կարկտահարության հնարավոր վտանգից, այդ իսկ պատճառով բոլոր համայնքները պետք է մասնակցություն ունենան դրանց լիցքավորմանը՝ փոխանցելով 100-300 հազար դրամ՝ կախված համայնքի վարչական տարածքից>>,-նշեց մարզպետը: Նա հետաքրքրվեց նաև հակակարկտային կայանքների տեխնիկական զննության հետ կապված հարցերով և կոչ արեց հնարավորինս արագացնել դրանց արդյունավետ գործարկմանն ուղղված բոլոր նախապատրաստական աշխատանքները:

Խոսելով ցրտահարության հետևանքների մեղմմանն ուղղված միջոցառումների մասին՝ մարզպետ Աշոտ Ղահրամանյանը տեղեկացրեց, որ նախնական հաշվարկներով ցրտահարության հասցրած վնասը կազմում է շուրջ 6 մլրդ դրամ: Ըստ նրա՝ պետությունը 100 տոկոսով փոխհատուցելու է ցրտահարությունից տուժած այգետերերի հողի հարկը և 50 տոկոսով՝ ոռոգման ջրի վարձավճարը: Աշխատանքի և սոցիալական հարցերով նախարարության կողմից ցրտահարությունից տուժած տնտեսությունների շրջանում իրականացվելու է Վարձատրություն աշխատանքի դիմաց ծրագիրը՝ 50 մլն դրամի շրջանակներում: Իսկ Գյուղատնտեսության նախարարությունը 32 մլն դրամ ընդհանուր արժողությամբ տարբեր տեսակի սերմեր է տրամադրելու այգետերերին՝ բանջարբոստանային կուլտուրաներ մշակելու համար: Մարզպետը հայտնեց նաև, որ Կենտրոնական բանկը աշխատանքներ է իրականացնում բանկային համակարգի հետ կապված ֆինանսական խնդիրների ուսումնասիրության ուղղությամբ, որի ավարտից հետո որոշակի կդառնան տուժած տնտեսություններին օժանդակություն ցուցաբերելու հնարավորությունները:
Խորհրդակցությանը քննարկվեցին նաև ոռոգման շրջանին առչնվող և ընթացիկ այլ հարցեր:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 16:45:23