Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Նշվեց Մայիսյան եռատոնը
09.05.2014
Մարզկենտրոն Արմավիրում և մարզի մյուս քաղաքային ու գյուղական համայնքներում, ուսումնական հաստատություններում, մարզի տարածքում տեղակայված զորամասերում հանդիսավորությամբ նշվել է Մայիսյան եռատոնը. ամենուր տեղի են ունեցել ծաղկեդրման արարողություններ, զինվորական շքերթներ, տոնական համերգներ և գրական-երաժշտական ցերեկույթներ: Օրվա առթիվ առանձնակի ուշադրության են արժանացել Հայրենական պատերազմի վետերաններն ու Արցախյան հերոսամարտի մասնակիցները։
Օրը հատկապես տոնական էր մարզկենտրոնում, ուր ավանդույթի համաձայն Արմավիրի մարզային և քաղաքային իշխանությունները, հանրակրթական դպրոցների, առողջապահական հաստատությունների, հասարակական և այլ կառույցիների աշխատակիցները ծաղիկներ և ծաղկեպսակներ դրեցին Հայրենական մեծ պատերազմում, ապա Արցախյան հերոսամարտում զոհվածների հիշատակը հավերժացնով հուշարձաններին` մեկ րոպե լռությամբ հարգելով հանուն մերօրյա խաղաղության նահատակվածների հիշատակը:
Լրագրողների հետ զրույցում մարզպետ Աշոտ Ղահրամանյանը շնորհավորեց ողջ հայությանը Հաղթանակի տոնի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման օրվա առթիվ՝ մասնավորապես ասելով. <<Մայիսի 9-ը մեր ժողովրդի պատմության հերոսական կարևորագույն էջերից է, որը գրվել է մեր հերոս պապերի ու հայրերի, քույրերի ու եղբայրների արյամբ, նրանց, ովքեր հայրենիքի ազատությունն ու անկախությունը վեր դասեցին իրեց կյանքից և նահատակվեցին հանուն մերօրյա խաղաղության և համազգային նպատակների իրականացման: Ուստի մեր հոգու պարտքն է միշտ վառ պահել նրանց հիշատակը և այն հարգելով՝ արժանին մատուցել մեր պետությանը և մեր ժողովրդին:
Թող հաղթանակները միշտ ուղեկից լինեն մեր ժողովրդին և մեր բոլոր ազգապահպան նախաձեռնությունները պսակվեն միայն ու միայն հաղթանակներով>>: