Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ցուցադրություն` նվիրված հայկական դրամաշրջանառությանը

13.05.2014

ՀՀ Արմավիրի մարզպետարանում այսօր տեղի ունեցավ «Հայաստանի դրամաշրջանառության պատմությունը. ֆինանսներ բոլորի համար» խորագիրը կրող ցուցադրությունը, որին ներկա էին ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ Օլեգ Աղասյանը, մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաներ, հյուրեր, տարբեր ոլորտների ներկայացուցիչներ:

Ցուցադրությանը ներկայացված էին հայկական հնագույն` մասնավորապես, Տիգրան Մեծի ու Կիլիկյան թագավորության ժամանակաշրջանի հայկական մետաղադրամները, որոնք գտնվել են Հայկական լեռնաշխարհի տարածքում կատարված պեղումների արդյունքում: Ինչպես նաև թղթադրամներ, հուշադրամներ, մետաղադրամներ, որոնք թողարկվել են Հայաստանի առաջին հանրապետության ժամանակ և դրանից հետո ու ներկայացնում են ֆինանսաբանկային համակարգի զարգացման պատմությունը:

Ցուցահանդեսին բացման խոսքով հանդես եկավ Օլեգ Աղասյանը, ով ողջունեց այցելուներին և շնորհակալություն հայտնեց Արմավիրի մարզային իշխանությանը` իրենց օգնելու և աջակցելու համար: Ապա առանձնահատուկ նշեց այն հանգամանքը, որ երիտասարդ սերունդը պետք է ազգային արժույթի վերաբերյալ տեղեկացված լինի, քանզի առանց ֆինանսական գիտելիքների դժվար կլինի ցանկացած արդյունավետ աշխատանքի կազմակերպում:

Կարևոր համարելով դրամաշրջանառության պատմությանը նվիրված ցուցադրությունը, նրա կրթադաստիարակչական դերը` մարզպետ Աշոտ Ղահրամանյանը նշեց.
<<Քիչ ժողովուրդներ կան, որ կարող են հպարտանալ, որ ունեն նման պատմություն: Համոզված եմ, որ շատերը հնարավորություն կունենան ավելի մոտիկից ծանոթանալ հայկական դրամաշրջանառության հետաքրքիր մանրամասներին, ինչի համար շնորհակալ ենք Հայաստանի Կենտրոնական բանկին: Ցանկալի է, որ նման միջոցառումները հաճախակի ու շարունակական լինեն>>:

Ցուցադրությունը կգործի մինչև սույն թվականի մայիսի 18-ը: Նշված ժամանակահատվածում մարզի տարբեր կրթական հաստատություններից կայցելեն աշակերտական և ուսանողական խմբեր, ովքեր հնարավորություն կունենան լսել ազգային դրամի պատմությունը և գիտելիքներ ստանալ Կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 17:02:10