Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզային ենթակայության 112 դպրոցում այսօր հնչեց վերջին զանգը
23.05.2014
Ավարտվեց ևս մեկ ուսումնական տարի: Վերջին զանգի ղողանջների ներքո իրենց դպրոցական ուսումնառության տարիներն ամփոփեցին մարզային ենթակայության 91 միջնակարգ դպրոցի շուրջ 1717 շրջանավարտներ, իսկ հիմնական դպրոցին հրաժեշտ տվեցին 2642 աշակերտ-աշակերտուհիներ: Կրթօջախներում տեղի ունեցան վերջին դասեր, օրվան նվիրված տոնական միջոցառումներ` լի խոնարհումի, հուզմունքի և երջանկության րոպեներով:
Դեպի մեծ կյանք մուտք գործելու ճանապարհին Վաղարշապատի թիվ 2 և Արմավիրի Ռուբեն Եղոյանի անվան թիվ 1 ավագ դպրոցների շրջանավարտներին այսօր բարի երթ մաղթեց և տոնական տրամադրությունը նրանց, ուսուցչական կազմի և ծնողների հետ կիսեց նաև ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը՝ ով իր ողջույնի և շնորհավորանքի խոսքում մասնավորապես նշեց. <<Այս հիշարժան օրվա առթիվ ի դեմս ձեզ, ես շնորհավորում եմ մեր հանրապետության բոլոր շրջանավարտներին: Այսպիսի սերունդ ունեցող ազգը դատապարտված է հավերժ ապրելու: Ամեն անգամ ներկա լինելով Վերջին զանգի միջոցառումներին ես հպարտանում եմ մեր ծագմամբ, մեր սերունդով, որովհետև առավել ակնհայտ է դառնում, որ նոր կյանք ենք ուղղում հրաշալի սերունդ:
Սիրելի մանկավարժներ, կրթելով մեր մատաղ սերնդին՝ դուք հերոսական և պատվաբեր գործ եք կատարում, որից անմասն չեն մնում նաև մեր սիրելի ծնողները, և արդեն մենք՝ բորոլրս միասին, միասնական ուժերով մեր ապագան ենք կերտում հանձինս մեր երիտասարդների: Վստահ եմ, որ նրանք շարունակողն ու պահպանողն են լինելու մեր ազգի դարավոր պատմության ընթացքում ձևավորված արժեքների ու ավանդույթների, և դրանք պատվով փոխանցելու են հաջորդ սերունդներին…>>:
Հավելինք, որ մարզի ավագ դպրոցներն այս տարի ունեն 1096 շրջանավարտներ: