Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՊՆ 2-րդ բանակային կորպուսում Արմավիրի մարզի զինծառայողները հանդիպեցին հարազատներին և 2-օրյա հանգստի իրավունք ստացան

23.05.2014

ՀՀ պաշտպանության նախարարության և Արմավիրի մարզային իշխանությունների համատեղ նախաձեռնությամբ այսօր 2-րդ բանակային կորպուսում Արմավիրի մարզի 140 լավագույն զինծառայողներ հնարավորություն ունեցան հանդիպելու իրենց ծնողներին ու հարազատներին և հրամանատարության կողմից 2-օրյա հանգստի իրավունք ստացան:

Զինծառայողներին մարզկենտրոն Արմավիրում դիմավորեցին երգ-երաժշտությամբ, որից հետո սպայական կազմի և հարազատների ուղեկցությամբ նրանք այցելեցին Արմավիրի մարզպետարան, ուր հանդիպում ունեցան մարզպետ Աշոտ Ղահրամանյանի, Պաշտպանության նախարարության 2-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Պողոս Պողոսյանի, Զինված ուժերի անձնակազմի հետ տարվող աշխատանքների վարչության պետ, գեներալ-մայոր Ալեքսան Ալեքսանյանի, ՊՆ «Մարշալ Բաղրամյան» զորավարժարանի հրամանատար գնդապետ Գևորգ Ենոքյանի հետ:

Ողջունելով ներկաներին՝ մարզպետ Աշոտ Ղահրամանյանը շնորհակալություն հայտնեց Հայոց հաղթանակած բանակում Արմավիրի մարզից զորակոչված զինծառայողներին՝ մարզի հեղինակությունը բարձր պահելու և պատվով ծառայելու համար: Նա նշեց, որ բազմիցս այցելել է տարբեր զորամասեր և տեղերում ականատես է եղել զինծառայության համար ստեղծված հարմարավետ պայմաններին և զինծառայողների հանդեպ սպայական կազմի դրսևորած հոգատար վերաբերմունքին: <<Ես կուզեի, որ բոլոր ծնողները հպարտությամբ ու վստահությամբ իրենց զավակներին ճանապարհեն Հայոց ազգային բանակ: Մեր զինակոչիկներն էլ թող պատվով կատարեն իրենց ծառայությունը և վերադառնան իրենց շեները՝ շենացնելու մեր երկիրը>>,- ընդգծեց մարզպետը՝ իր շնորհակալությունը հայտնելով Պաշտպանության նախարարությանը՝ հրաշալի նախաձեռնությունը կյանքի կոչելու համար:

Շնորհակալություն հայտնելով զինծառայողների ծնողներին՝ ՊՆ 2-րդ բանակային կորպուսի հրամանատար գեներալ-մայոր Պողոս Պողոսյանը նշեց. <<Դուք դաստիարակել եք այնպիսի զավակներ, այնպիսի մարտիկներ, որ այսօր այն խնդիրը, որ բանակային կորպուսը կատարում է, կարող եմ հպարտությամբ զեկուցել՝ կատարում է մեծ պատվով, փառքով և մենք մեր ծառայությամբ ապահովում ենք մեր սահմանների անձեռնմխելիությունը, մեր ազգաբնակչության անվտանգությունը: Համոզված եղեք, որ մենք ձեր կողքին կանգնած ենք, բացի նրանից, որ կանգնած ենք մեր զինվորի կողքին>>:
Նա իր խոսքում կարևորեց զինվորներին պապերից և հայրերից փոխանցված այն գաղափարը, որ ազատ, անկախ հայրենիք ունենալու համար պետք է ունենալ հզոր ազգային բանակ, որն այսօր իրականություն է: Պ. Պողոսյանը  վստահեցրեց, որ զինվորներն այսօր բանակում իրական մարտական խնդիր են կատարում, որի համար բոլոր զինծառայողները ստացել են շնորհակալագրեր:

Զինծառայողներին և նրանց ծնողներին շնորհակալության խոսք հղեց նաև ԶՈւ անձնակազմի հետ տարվող աշխատանքների վարչության պետ, գեներալ-մայոր Ալեքսան Ալեքսանյանը՝ նշելով. <<Այստեղ հավաքված են 2-րդ բանակային կորպուսի լավագույնները, ովքեր իսկապես պատվով են կատարում իրենց պարտքը հայրենիքի հանդեպ: Ցանկանում եմ, որ բոլորս միահամուռ ուժերով մեր ճանապարհը, մեր անկախությունը հաստատենք ու հավերժացնենք: Շնորհակալություն ձեզ, հայոց արծիվներ, շնորհակալություն ձեզ հարգարժան ծնողներ՝ այսպիսի տղաներ դաստիարակելու համար>>:

Շնորհակալության և երախտագիտության խոսքեր հնչեցին նաև զինծառայողների ծնողների կողմից:

ՊՆ 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը լրացուցիչ տեղեկացրեց, որ բոլոր զինծառայողներին մոտակա երկու ամիսների ընթացում ևս հանգստյան օրեր կտրամադրվեն՝ 7-12 օր տևողությամբ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 17:02:10