Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետն ընդունեց ՉՀ Մորավսկի-Սիլեզյան երկրամասի հեթմանի գլխավորած պատվիրակությանը
26.05.2014
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր ընդունեց Չեխիայի Հանրապետության Մորավսկի-Սիլեզյան երկրամասի հեթման Միչոսլավ Նովակի գլխավորած պատվիրակաությանը: Պատվիրակությունը եռօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանել մարզպետ Ա. Ղահրամանյանի հրավերով՝ կողմների միջև 2014թ. հունվարի 31-ին Չեխիայի Հանրապետությունում ստորագրված փոխըմբռնման հուշագրի շրջանակներում, որով բարեկամական կապեր են հաստատվել կառավարման, տնտեսական, գյուղատնտեսության, մշակույթի, կրթության, սպորտի, զբոսաշրջության բնագավառներում և գործարար կառուցվածքների միջև:
Հանդիպմանը ներկա էին փոխմարզպետ Մովսես Քարտաշյանը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Փառանձեմ Կարապետյանը, մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների պատասխանատուներ և գործարարներ:
Ողջունելով պատվիրակության այցն Արմավիրի մարզ՝ Ա. Ղահրամանյանը նշեց, որ այն դրական խթան կհանդիսանա կողմերի միջև հունվար ամսին ձևավորված հարաբերությունները որակական նոր մակարդակի վրա դնելու և փոխգործակցությունն ակտիվացնելու համար: <<Մենք պատրաստ ենք համագործակցելու երկուստեք հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում՝ ի շահ մեր ժողովուրդների բարօրության և երկու երկրամասերի միջև հաստատված բարեկամական կապերի ամրապնդման>>,- ասաց մարզպետը:
Ա. Ղահրամանյանը հյուրընկալվող կողմին ներկայացրեց մարզի հիմնական առանձնահատկությունները, ձեռքբերումներն ու նախատեսվող ծրագրերը և վսատահեցրեց, որ այս օրերին Արմավիրում նրանք իրենց կզգան ինչպես տանը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար և ներկայացնելով իր գլխավորած երկրամասի արտադրական ներուժը, տնտեսության զարգացման հիմնական ուղղություններն ու արտաքին հարաբերությունները՝ Մորավսկի-Սիլեզյան երկրամասի հեթմանը հույս հայտնեց, որ Արմավիրի մարզի հետ համագործակցությունը կհաջողվի և դինամիկ զարգացում կգրանցի:
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ:
Հավելենք, որ պաշտոնական այցի ընթացքում պատվիրակությունը հանդիպումներ կունենա Կառավարության ղեկավարի, ԱԺ փոխխոսնակի, պետական պաշտոնյաների և գործարարների հետ, կայցելի նաև պատմամշակութային վայրեր, արտադրական ձեռնարկություններ: