Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Նշվեց Հայստանի առաջին հանրապետության հռչակման 96-րդ տարեդարձը
28.05.2014
1918 թվականին այս օրը՝ մայիսյան հերոսամարտերից` Սարդարապատից, Բաշ-Ապարանից, Ղարաքիլիսայից հետո ծնունդ առավ Հայաստանի առաջին հանրապետությունը:
Մայիսի 26-ին Սարդարապատում հաղթանակելով թուրքական բանակի դեմ տարվող մարտում՝ հայկական զորքերը կարողացան կասեցնել թուրքական ներխուժումն Անդրկովկաս և փրկել Հայաստանը լիակատար ոչնչացումից:
Հայաստանի Հանրապետությունը հռչակվեց «Հայկական ազգային խորհրդի» կողմից 1918 թվականի մայիսի 28-ին Թիֆլիսում` Անդրկովկասյան ժողովրդավարական դաշնային հանրապետության փլուզումից հետո:
Այսօր Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում, տարիների ընթացքում ձևավորված ավանդույթի համաձայն, մեծ հանդիսությամբ նշվեց Հայաստանի առաջին հանրապետության հռչակման 96-րդ տարեդարձը, Հանրապետության տոնը:
Համաժողովրդական տոնակատարությանը մասնակցում էին Նախագահ Սերժ Սարգսյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը, Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս-Պատրիարք Ներսես Պետրոս ԺԹ-ն, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը և ՀՀ բարձրագույն ղեկավարությունը:
Հանրապետության Նախագահը ծաղկեպսակ է դրել Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողին և հարգանքի տուրք մատուցել: Տոնակատարության շրջանակներում Նախագահն ընդունել է Պատվո նվագախմբի հանդիսավոր քայլերթը, հանդիսության մասնակիցների հետ դիտել տոնի առթիվ մշակութային կատարումը: