Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արմավիրի մարզը մեծ հանդիսությամբ ընդունեց ԼՂՀ պաշտպանության բանակում ծառայություն անցնող թվով 84 զինծառայողների

29.05.2014

Մայիսյան տոնակատարությունների շրջանակներում ԼՂՀ պաշտպանության նախարարությունն աննախադեպ անակնկալ մատուցեց Արմավիրի մարզից ԼՂՀ պաշտպանության բանակ զորակոչված և իրեց ծառայությունը լավագույնս իրականացնող թվով 84 զինծառայողներին և նրանց ծնողներին՝ կազմակերպելով հանդիպում մարզում և զինծառայողներին տրամադրելով 5-օրյա հանգստի իրավունք:

Սպասված հանդիպումը տեղի ունեցավ Մեծամոր քաղաքի մշակույթի տանը, ուր զինծառայողների և նրանց հարազատների հետ օրվա ուրախությունը կիսեցին ԼՂՀ պաշտպանության նախարար, պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը, ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, ԵԿՄ վարչության նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը, ՊՆ, ԶՈւ բարձրաստիճան սպաներ և պետական այրեր:

Ողջունելով ներկաներին՝ ԼՂՀ պաշտպանության նախարար, պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը մասնավորապես նշեց.<<Այս օրը պատահական չէ ընտրված. երեկ հայ ժողովուրդը տոնել է Առաջին հանարապետության օրը, որը համընկնում է մեր ժողովրդի հաղթանակի օրվա հետ: Թեպետ Առաջին հանրապետությունը կարճ գոյատևեց, բայց ամուր հիմք դրեց, որպեսզի 70 տարի հետո մենք կարողանանք ստեղծել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունները:

1988 թվականին, երբ Արցախն արտահայտեց իր ազատ ապրելու ինքնորոշումն ու կամքը, արմավիրցիներն առաջինը կանգնեցին Արցախի կողքին: Բազում ազատամարտիկների սխրագործության շնորհիվ մենք ունենք Արցախի Հանրապետությունը, որի համար մենք երախտապարտ ենք նաև արմավիրցիներին, որոնք առանձնահատուկ դերակատարություն են ունեցել արցախյան գոյամարտում:
Այդ հերոսական ուղին այսօր շարունակում են դահլիճում նստած մեր զինծառայողները և այսօր Արցախի բանակում ծառայողները>>:

Շնորհակալություն հայտնելով զինվորների ծնողներին և կարևորելով նրանց որդիների դերակատարումը Արցախի բանակում՝ Մ. Հակոբյանն ընդգծեց. <<Ձեր տղաները բավականին ծանր ծառայություն են իրականացնում և պատվով են պաշտպանում մեր երկրի սահմանները՝ ամենից վտանգավոր հատվածում: Միայն ու միայն այս դահլիճում նստած զինվորների և այսօր հերթապահություն իրականացնող նրանց զինակից ընկերների շնորհիվ է, որ կարողանում ենք խաղաղություն պահպանել Արցախում>>:

Զինվորների ծնողներին ուղղված ԼՂՀ պաշտպանության նախարարի շնորհակալական խոսքն արտահայտվեց նաև շնորհակալագրերի տեսքով.
Իրենց որդիական պարտքն հայրենիքի հանդեպ անմնացորդ նվիրումով կատարելու, իրենց ստորաբաժանումում լավագույն զինծառայողը լինելու, հրամանատարության հրամանները ճիշտ ժամանակին և անթերի կատարելու, ինչպես նաև հայրենիքին նվիրված և կարգապահ որդի դաստիարակելու համար ԼՂՀ պաշտպանության բանակ զորակոչված և իրեց ծառայությունը լավագույնս իրականացնող 84 զինծառայողների ծնողներն արժանացան ԼՂՀ պաշտպանության նախարար, պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի շնորհակալագրերին:

Օրվա առթիվ ներկաներին ողջունեց նաև ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը՝ ասելով. <<Այսօր բոլորիս համար շատ հիշարժան օր է. նախ ես ուզում եմ բոլորիս շնորհավորել մայիսյան մեր բոլոր հաղթանակների առթիվ և մեր պետությանն ու ժողովրդին ցանկալ հավերժություն:

Օրեր առաջ մենք մարզում ընդունեցինք ՊՆ 2-րդ բանակային կորպուսում Արմավիրի մարզի 140 լավագույն զինծառայողներին, այսօր ևս մեծ սիրով ու ջերմությամբ ընդունում ենք Արցախի բանակի մեր զինծառայողներին, որի համար իմ խորին շնորհակալությունն ու երախտագիտությունն եմ հայտնում Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության նախարարություններին` այս հրաշալի նախաձեռնությունը իրականացնելու համար>>:

Մարզպետն իր երախտագիտությունը հայտնեց զինծառայողներին՝ հայրենիքի հանդեպ իրենց պարտքը սրբորեն կատարելու համար և մաղթեց նրանց խաղաղ ծառայություն ու բարի վերադարձ:

Շնորհակալության և երախտագիտության խոսքեր հնչեցին նաև զինծառայողների, նրանց ծնողների և սպայական կազմի կողմից:
Միջոցառումն ամփոփվեց Արմավիրի մարզի տարբեր մշակութային խմբերի և անհատ կատարողների ելույթներով:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:32:08