Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տեղի ունեցավ Արմավիր քաղաքի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու օծումը
31.05.2014
Այսօր հանդիսավոր պայմաններում տեղի ունեցավ Արմավիրի մարզկենտրոնում գտնվող Գրիգոր Նարեկացի եկեղեցու օծումը, որի հիմնարկեքը տեղի է ունեցել 2012 թվականին՝ Հայ Առաքելական Եկեղեցու Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանի հանդիսապետությամբ:
Եկեղեցու բացման արարողությանը ներկա էր նաև Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը, ով մասնակցեց հոգևոր տան առաջին պատարագին և դրան հաջորդող տոնական միջոցառմանը:
Բազիլիկ ոճով եկեղեցին կառուցվել է ճարտարապետ Միքայել Մկրտչյանի նախագծով, բարերար Կարեն Մկրտչյանի հովանավորությամբ, ով երկու տասնամյակից ավելի բնակվում է ՌԴ Սակտ Պետերբուրգ քաղաքում և տեղի հայ համայնքի նախագահն ու Հայ Առաքելական Եկեղեցու ատենապետն է:
Եկեղեցում կայացած առաջին պատարագից հետո Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանը նշեց, որ քաղաքն արդեն 83 տարեկան էր, սակայն այն դեռ չուներ հոգևոր կենտրոն. <<Խորհրդային տարիներին հնարավոր չէր եղել այստեղ եկեղեցի կառուցել, և չափազանց ուրախալի է, որ այսօր արմավիրցիներն ունեցան իրենց հոգևոր կենտրոնը>>:
Օրվա առթիվ շնորհավորելով ներկաներին՝ մարզպետ Աշոտ Ղահրամանյանը նշեց. <<Մեծարգո Նախագահ, սրբազան հայրեր, սիրելի արմավիրցիներ, ի սրտե շնորհավորում եմ բոլորիս այս հրաշալի տոնի կապակցությամբ, քանզի առաջին անգամ Արմավիր քաղաքում բացվեց Աստծո տունը, որտեղ մեր հավատացյալներն իրենց աղոթքը կբարձրացնեն առ Աստված:
Այս առիթով ես ուզում եմ իմ խորին երախտագիտությունը հայտնել մեր բարերար Կարեն Մկրտչյանին, ում շնորհիվ կառուցվեց և ձեզ հանձնվեց այս հոյակերտ շինությունը: Դրա հետ մեկտեղ ես ուզում եմ նաև մեր խորին երախտագիտությունն ու շնորհակալությունը հայտնել Հանրապետության Նախագահին, ով բոլոր ժամանակներում եղել է արմավիրցիների կողքին և այսօր էլ մեր ուրախությունը կիսելու համար իր ծանրաբեռնված ժամանակը տրամադրել է մեզ:
Կրկին շնորհավորում եմ բոլորիս այս հրաշալի օրվա կապակցությամբ>>:
Բարերար Կարեն Մկրտչյանին եկեղեցու կառուցման նախաձեռնության և իրականացման համար Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանի կողմից շնորհվեց Գրիգոր Լուսավորիչ մեդալ, իսկ Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի կողմից՝ Արմավիրի պատվավոր քաղաքացու կոչում: