Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մեկնարկեց 2014 թվականի ամառային առաջին զորակոչը

10.06.2014

Այսօր Սարդարապատի հուշահամալիրում, արդեն 8-րդ տարին անընդմեջ, տեղի ունեցավ 2014 թվականի ամառային առաջին զորակոչին Արմավիրի մարզից զինծառայության մեկնող թվով 50 նորակոչիկների ճանապարհման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, Հայ Առաքելական Եկեղեցու Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանը, մարզպետի տեղակալ Մովսես Քարտաշյանը, Արմավիրի և Էջմիածնի զինվորական կոմիսարները, մարզպետարանի աշխատակազմի և այլ կառույցների պատասխանատու պաշտոնյաներ, մեծ թվով համայնքապետեր և նորակոչիկների հարազատներ:

Չխախտելով ավանդույթը՝ մարզի տարածքային զինվորական կոմիսարների ուղեկցությամբ և մարզպետ Աշոտ Ղահրամանյանի առաջնորդությամբ պարտադիր զինվորական ծառայության մեկնողները ծաղիկներ դրեցին Արցախյան հերոսամարտում զոհվածների հիշատակը հավերժացնող խաչքարին՝ լռությամբ ու խոնարհումով հարգելով նրանց հիշատակը:

Այնուհետև ողջունելով ներկաներին և բարի երթ ու խաղաղ ծառայություն մաղթելով նորակոչիկներին՝ մարզպետ Աշոտ Ղահրամանյանը նշեց. <<Սիրելի նորակոչիկներ, բարով գնաք լրացնելու մեր բանակի շարքերը և առավել ամրացած վերադառնաք ձեր շեները: Դուք այս երկու տարիներին ձեր սահմանադրական պարտքն եք կատարելու հայրենիքի հանդեպ: Այնպես ծառայեք, որ բարձր պահեք մարզի պատիվը և ձեր ծնողները հպարտանան ձեզանով:
Իսկ դուք, սիրելի ծնողներ, անհոգ եղեք ձեր զավակների համար, համբերությամբ սպասեք նրանց վերադարձին: Թող որ երկու տարի անց նույն խնդությամբ ու ոգևորությամբ դիմավորեք նրանց ձեր օջախներում>>:

Օրվա առթիվ նորակոչիկներին օրհնության ու բարեմաղթանքի խոսք հղեց Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանը՝ մասնավորապես ասելով. <<Ավանդույթի համաձայն այս սրբավայրից մենք մեր զավակներին ուղարկում ենք ծառայության մեր հաղթանակած բանակ՝ իրենց որդիական պարտքը կատարելու հայրենիքի հանդեպ: Թող Տերն այս երկու տարիներին պահի ու պահպանի ձեզ, սիրելի նորակոչիկներ: Սիրելի ծնողներ, աստվածային համբերությամբ սպասեք ձեր որդիների բարի վերադարձին: Աստված թող պահի ու պահպանի մեր հայրենքը>>:

Ապա նորակոչիկները հիգիենայի պարագաներով փաթեթներ ստացան մարզպետ Աշոտ Ղահրամանյանից և երգ ու երաժշտության ուղեկցությամբ մեկնեցին իրենց պարտքը մատուցելու հայրենիքին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 17:02:10