Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Կայացավ <<Երգող Արմավիր>> մրցույթ-փառատոնի ամփոփիչ գալա համերգը
12.06.2014
ՀՀ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության նախաձեռնությամբ և «Արմավիրի մշակույթ, սպորտ, երիտասարդություն» հիմնադրամի անմիջական աջակցությամբ այսօր Արմավիրի թիվ 1 մշակույթի տանը կայացավ <<Երգող Արմավիր>> մրցույթ-փառատոնի ամփոփիչ գալա համերգը:
Միջոցառմանը ներկա էին ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, փոխմարզպետ Մովսես Քարտաշյանը, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գայանե Սայադյանը, մարզային ենթակայության կրթական, մշակութային հաստատությունների տնօրեններ և ոլորտի ներկայացուցիչներ:
<<Երգող Արմավիր>> մրցույթ-փառատոնի ամփոփիչ գալա համերգին ելույթներով հանդես եկան մարզային եզրափակիչ փուլի չորս ժանրի /հայկական ժողովրդական-գուսան-աշուղական, ջազ-էստրադա, դասական-հոգևոր, հայրենասիրական/ երեք տարիքային խմբերում /փոքրերի` 6-9 տարեկան, միջին` 10-13 տարեկան և մեծերի` 14-18 տարեկան/ մրցանակային տեղեր զբաղեցրած կատարողները:
Բարձր գնահատելով գալա համերգի մասնակիցների ելույթները և ողջունելով մրցույթ-փառատոնի կազմակերպման գաղափարը` մարզպետ Աշոտ Ղահրամանյանը նշեց. <<Հպարտություն եմ ապրում, որ մենք այսպիսի մանուկներ ու երիտասարդություն ունենք: Նման գեղեցիկ երեխաներ, հրաշք մանուկներ ունեցող ազգը ոչ մի դժվարության առջև չի կանգնելու: Մենք բոլորս պետք է անենք հնարավորը՝ հեքիաթային ապագա ստեղծելու մեր երեխաների համար: Նորանոր հաջողություն եմ ցանկանում բոլորիդ և իմ խորին երախտագիտությունն ու շնորհակալությունն եմ հայտնում մրցույթ-փառատոնի բոլոր մասնակիցների դպրոցների տնօրեններին և, իհարկե, միջոցառման կազմակերպիչներին ու աջակիցներին>>:
Այնուհետև մարզպետը պատվոգրեր և նվերներ հանձնեց մրցույթի եզրափակիչ փուլում մրցանակային 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը զբաղեցրած մասնակիցներին:
Միջոցառմանը մարզպետ Աշոտ Ղահրամանյանի կողմից պատվոգրեր և նվերներ ստացան նաև դպրոցականների 2013-14 ուսումնական տարվա առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլում 1-ին, 2-րդ և 3-րդ տեղեր զբաղեցրած և գովասանագրերի արժանացած մեծ թվով աշակերտներ: Իսկ Բուլղարիայում կայացած Բռնցքամարտի աշխարհի պատանեկան առաջնությանը չեմպիոնի կոչման արժանացած Անուշ Գրիգորյանին և Լեհաստանում կայացած Ծանրամարտի պատանիների Եվրոպայի առաջնությանը դարձյալ չեմպիոնի կոչման արժանացած Սիմոն Մարտիրոսյանին մարզպետը հանձնեց դրամական պարգևներ:
Հավելենք, որ <<Երգող Արմավիր>> մրցույթ-փառատոնին լավագույն մասնակցություն ցուցաբերելու համար հինգ դպրոց արժանացավ հատուկ մրցանակի: