Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Արմավիրի մարզում նշվեց <<Դարբնի, զինագործի օր>> միջոցառումը
21.06.2014
Այսօր Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանում անցկացվեց <<Դարբնի, զինագործի օր>> միջոցառումը` մասնակցությամբ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի, Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի, Հայ Առաքելական Եկեղեցու Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանի, պաշտոնատար այլ անձանց և հյուրերի: Միջոցառման սկիզբն ազդարարվեց թանգարանի բակում կազմակերպված հայ դարբինների աշխատանքների ցուցահանդեսով, որտեղ ներկայացված էին Հայաստանի տարբեր մարզերից ժամանած դարբինների աշխատանքներ, ինչպես նաև զենքի արտադրությամբ զբաղվող գործարանների արտադրական նմուշներ:
Մարզպետ Ա. Ղահրամանյանի ուղեկցությամբ ՀՀ ՊՆ Ս. Օհանյանը շրջեց բոլոր տաղավարներով, ականատես եղավ անցկացվող դարբին-զինագործների վարպետության դասերին:
Սպառազինության և ռազմական տեխնիկայի նորոգման ժամանակ ցուցաբերած բարձր մասնագիտական պատրաստվածության, բարեխիղճ աշխատանքների, ինչպես նաև ՀՀ առաջին <<Դարբնի, զինագործի օր>> տոնի կապակցությամբ պաշտպանության նախարարի կողմից պատվոգրերով պարգևատրվեցին մի շարք դարբին-զինագործներ:
Տոնի շրջանակներում թանգարանում բացվեց հայտնի Չիլինգարյանների (Մամիկոնյանների) տոհմին նվիրված ցուցադրությունը, որտեղ ներկայացված էին տոհմի անվանի զինագործների և արվեստագետների ստեղծագործությունները:
Միջոցառումների շարքն ամփոփվեց տոնական համերգով և մատաղի հյուրասիրությամբ: