Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Լուկաշին համայնքում նշվեց Խորհրդային Միության հերոս Հունան Ավետիսյանի 100-ամյա հոբելյանը
24.06.2014
Այսօր Լուկաշին համայնքում տոնում էին Խորհրդային Միության հերոս Հունան Ավետիսյանի 100-ամյա հոբելյանը: Տոնակատարությանը մասնակցում էին ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ-լեյտենանտ Մուրադ Սարգսյանը, ՊՆ, ԶՈւ բարձրաստիճան սպաներ և պետական այրեր:
Օրվան նվիրված միջոցառումների մեկնարկն ազդարարվեց համայնքի՝ Հունան Ավետիսյանի անունը կրող միջնակարգ դպրոցում, ուր բացվեց Խորհրդային Միության հերոսի հիշատակը հավերժացնող կիսանդրին՝ Սանկտ Պետերբուրգում բնակվող Հրաչյա Պողոսյանի մեկենասությամբ:
Աշակերտների շրջանում ռազմահայրենասիրական դաստիրակաությունը բարձր մակարդակով իրականացնելու և մերօրյա հերոսների հիշատակը նրանց սրտերում վառ պահելու նպատակով նույն կրթօջախում բացվեցին նաև ՀՀ ականավոր ռազմական-քաղաքական գործիչ, Հայոց բանակի հիմնադիր, Արցախի հերոս Վազգեն Սարգսյանի և Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկ, ծնունդով Լուկաշինից Խաչիկ Փոթուրյանի անունները կրող դասասենյակներ:
Հոբելյանական օրվան նվիրված միջոցառումների շրջանակում համայնքի կենտրոնում վերաբացվեց Խորհրդային Միության հերոս Հունան Ավետիսյանի հուշապուրակը, ինչպես նաև հուշաքար, որում ամփոփված էին Հայրենական մեծ պատերազմում զոհված 50 լուկաշինցիների անուններ:
Օրավա առթիվ շնորհավորելով լուկաշինցիներին և միջոցառման մասնակիցներին՝ մարզպետ Աշոտ Ղահրամանյանը նշեց. <<Քանի դեռ ապրում ենք, պետք է վառ պահենք մեր հերոսների հիշատակը և գիտակցենք, որ Հունան Ավետիսյանի և նրա նմանների սխրանքների արդյունքում տասնամյակներ անց մեր մեջ վերածնվեց այն մարտական ոգին, որը բերեց Արցախյան հաղթանակներին՝ մեզ տալով ազատ և անկախ ապրելու հնարավորություն:
Իսկ այս միջոցառումը վկայությունն է այն պարզ ճշմարտության, որ ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել: Տոնելով մեր հայրենակցի 100-ամյա հոբելյանը, ոգեկոչելով նրա հիշատակը՝ մենք հայրենասիրական կարևոր դաս ենք մատուցում մատաղ սերնդին: Թող որ մեր հերոսների անունները հավերժ մնան մեր շուրթերին և բոլորս փառք ու պատվով ապրենք ու արարենք մեր Հայաստան երկրում>>:
ՀՀ Արմավիրի մարզի Լուկաշին գյուղի Հունան Ավետիսյանի անվան դպրոցում տեղադրված Հունան Ավետիսյանի կիսանդրու և երկու դասասենյակների կահավորման աշխատանքներին ցուցաբերած ակտիվ մասնակցության և աջակցության համար Պաշտպանության նախարարի կողմից պատվոգրով և հոբելյանական մեդալներով պարգևատրվեցին Սանկտ Պետերբուրգում բնակվող, հայազգի բարերար Հրաչյա Պողոսյանը, Հունան Ավետիսյանի անունը կրող միջնակարգ դպրոցի տնօրեն Գոհար Մարգարյանը, ինչպես նաև Լուկաշին համայնքի ղեկավար Կարեն Մկրտչյանը:
Հոբելյանական մեդալների արժանացան նաև Մեծ հայրենականին և Աֆղանստանի մարտական գործողություններին մասնակցած լուկաշինցիներ:
Հավելենք, որ միջոցառմանն օրվա խորհուրդը լրացնող կատարումներով հանդես եկան կրթօջախի սաները: