Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետը շարունակում է այցելել համայնքներ
04.07.2014
Մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր փոխմարզպետ Մովսես Քարտաշյանի և մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Արթուր Այվազյանի ուղեցությմաբ այցելեց Վաղարշապատի տարածաշրջանի Աղավնատուն, Արագած, Արշալույս, Գեղակերտ, ապա նաև Արմավիրի տարածաշրջանի Մրգաշատ և Սարդարապատ համայնքներ, ծանոթացավ սպասվող բերքին, իրականացվող մասնակի բերքահավաքին, իրացման գործընթացին ու առկա խնդիրներին:
Նշված համայնքներ կատարած շրջայցի ընթացքում մարզպետը հիմնականում եղավ խողողի այգիներում, ցորենի արտերում և բանջարբոստանային կուլտուրաների մշակությամբ զբաղվող տնտեսություններում: Գյուղացիական տնտեսությունների սեփականատերերը մարզպետ Աշոտ Ղահրամանյանին ներկայացրեցին իրենց ամենօրյա քրտնաջան աշխատանքի արդյունքը՝ առկա և սպասվող բերքի տեսքով, ինչպես նաև համայնքային հիմնախնդիրները:
Ըստ խաղողագործների՝ մեծ է սպասելիքը հատկապես տեխնիկական սորտի խաղողի բերքից, որը բավականին առատ է նախորդ տարիների համեմատությամբ: Գյուղացիների խոսքով՝ գոհացնող է նաև ցորենի բերքատվությունը, որին նպաստել է գյուղացիական տնտեսություններին պետության սուբսիդավորմամբ հացահատիկի բերքատու սորտերի տրամադրումը: Այս հանգամանքը նպաստել է նաև մարզի տարածքում ցորենի ցանքատարածությունների 1053 հեկտարով ավելացմանը: Բանջարբոստանային կուլտուրաների մշակությամբ զբաղվողները ևս գոհ էին և բերքահավաքի արդյունքներից, և սպասվող բերքից: Նրանց հիմանական մտահոգությունը բանջարեղենի մեծածախ վաճառքի գինն է, որը չի արդարացնում գյուղացու սպասելիքները և բավականին ցածր է շուկայական արժեքից:
Աղավնատուն համայնքում գյուղացիները մարզպետ Աշոտ Ղահրամանյանին դիմեցին Աղավնատուն-Էջմիածին միջհամայնքային ճանապարհահատվածի բարեկարգման հարցով, որի ներկայիս վիճակը լուրջ խոչընդոտներ է առաջացնում հատկապես գյուղմթերքի տեղափոխման առումով: Մարզպետը տեղեկացրեց, որ ճանապարհի կառուցումը նախատեսվում է իրականացնել մարզի 2015-2018 թվականների սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի շրջանակներում: Իսկ մինչ այդ նա համայնքապետին խնդրի մասնակի լուծման տարբերակ առաջարկեց, որն ինչ-որ չափով կմեղմի ստեղծված իրավիճակը:
Մարզի գլխավոր գյուղատնտեսն իր խոսքում ևս փաստեց գյուղմթերքի բարձր բերքի մասին՝ այն պայմանավորելով երեք հիմնական գործոններով՝ բնակլիմայական բարենպաստ պայմաններով, գյուղացու քրտնաջան աշխատանքով և կառավարության կողմից իրականացվող աջակցության ծրագրերով: Ըստ նրա՝ 2012 թվականին, եթե միայն հացահատիկի միջին բերքատվությունը 31 ցենտներ էր, իսկ 2013-ին` 36 ցենտներ, ապա այս տարի դիտարկումները ցույց են տվել, որ այն գերազանցելու է 40-ի շեմը:
Անդրադառնալով վաղվանից սկսվող հացահատիկի մասսայական բերքահավաքին՝ Արթուր Այվազյանը նշեց, որ համայնքներում այս պահին արդեն կա 100 կոմբայն, ընդհանուր իրավիճակը վերահսկելի է, և եղանակային բարենպաստ պայմանների դեպքում մինչև հուլիսի 25-ը ցորենի բերքահավաքն ամբողջությամբ կավարտվի:
Ամփոփելով համայնքներ կատարած շրջայցի արդյունքները և ներկայացնելով գյուղատնտեսության ոլորտի հիմնական ցուցանիշները՝ մարզպետ Աշոտ Ղահրամանյանը փաստեց, որ թեպետ ցրտահարությունը շուրջ 5 մլրդ դրամի վնաս հասցրեց գյուղացիական տնտեսություններին, բայց, այնուամենայնիվ, աշխատավոր ժողովուրդը այս տարի նախորդ տարվա համեմատ 2500 հեկտարից ավել հողատարածք մշակեց՝ փորձելով վերկանգնել կրած կորուստը:
Նա գյուղացուն այս հարցում օգնելու առումով կարևորեց նաև երկրի բարձրագույն իշխանության կողմից հողի հարկի վարձավճարների 100 տոկոսով, իսկ ոռոգման ջրինը 50 տոկոսով փոխհատուցելու որոշումը, որի արդյունքում շուրջ 275 մլն դրամի վնաս է վերականգնվել: Մարզպետի խոսքով՝ պետական բարձր ատյաններում արդեն լուրջ քննարկումներ են ընթանում նաև սպասվող բերքի իրացման հարցի շուրջ:
Ըստ մարզպետի՝ գրեթե բոլոր մշակաբույսերի մասով այս տարի կգրանցվի զգալի աճ, և գյուղատնտեսության բնագավառում 2014 թվականի կտրվածքով համախառն արտադրանքի արդյունքը շուրջ 10 տոկոսով կգերազանցի նախորդ տարվա ցուցանիշը:
Նա անդրադարձավ նաև ջրաշրջանառության արդյունավետ կազմակերպմանը և ընթացիկ խնդիրների վերացմանն ուղղված պետական ծրագրերին՝ մասնավորապես ընդգծելով, որ կառավարության նախորդ նիստի ժամանակ որոշում է ընդունվել Արմավիրի մարզում շուրջ 115 խորքային հոր հորատելու նպատակով պահուստային ֆոնդից գումար հատկացնելու մասին, որի արդյունքում կապահովվի ջրօգտագործողների բավարար և կայուն ջրամատակարարումը: