Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տեղի ունեցավ մարզպետ Աշոտ Ղահրամանյանի մամուլի ասուլիսը
04.07.2014
Այսօր տեղի ունեցավ ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի մամուլի ասուլիսը, որի ընթացքում մարզպետն ամփոփեց 2014 թվականի 1-ին կիսամյակի հիմնական ձեռքբերումներն ու ներկայացրեց առաջիկա անելիքները՝ ընդհանուր առմամբ հաջողված համարելով անցնող վեց ամիսների ընթացքում ըստ ոլորտների իրականացված աշխատանքները և առկա ցուցանիշները:
Անդրադառնալով քաղաքաշինության ոլորտին՝ մարզպետ Աշոտ Ղահրամանյանը նշեց, որ կառավարության համապատասխան որոշմամբ 5-րդ հրատապ ծրագրի շրջանակներում Արմավիրի մարզի առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման ուղղությամբ իրականացվելիք աշխատանքների համար 2014 թվականի պետական բյուջեից հատկացվել է շուրջ 1 մլրդ 330 մլն դրամ` 13 կրթական օբյեկտների վերանորոգման և 3 դպրոցների լոկալ ջեռուցման համակարգերի կառուցման, ինչպես նաև մի շարք այլ ծրագրերի իրականացման համար:
Մարզպետի տեղեկացմամբ՝ կառավարության պահուստային ֆոնդից հատկացվել է ևս 60 մլն դրամ մարզի Մայիսյան և Եղեգնուտ համայնքներում ոռոգման ջրի մեկական խորքային հորերի հորատման համար: Եվս 100.51 մլն դրամի ծրագիր էլ նախատեսվում է 2014 թվականի պետական բյուջեի և համայնքային բյուջեի միջոցներով: Իսկ հաշվետու ժամանակահատվածում փաստացի կատարվել են շուրջ 909.3 մլն դրամի ծրագրեր:
Խոսելով ճանապարհաշինական ծրագրերի մասին՝ մարզպետ Աշոտ Ղահրամանյանը նշեց, որ մարզում կա 398.20 կմ մարզային ենթակայության ճանապարհ, որոնցից հիմնանորոգվում է Տ-3-11(Հ-15 Նոր Արտագերս- Նալբանդյան-Գետաշեն-Շենավան-Նոր Կեսարիա-Մ-5) ճանապարհի Շենավան-Գետաշեն հատվածը:
Ըստ նրա՝ մարզային զարգացման ծրագրով 2014 թվականի ճանապարհաշինության ոլորտի կարիքների գնահատումը կազմել է 737.62 մլն դրամ, իսկ հաշվետու տարում ոլորտի իրական ներդրումների չափը կազմել է շուրջ 699.6 մլն դրամ: Այլ աղբյուրներով կարիքների գնահատումը ճանապարհների և կամուրջների հիմնանորոգման համար կազմել է 702.0 մլն դրամ, որի շրջանակներում 2014 թվականի պետական բյուջեի միջոցներով Տրանսպորտի և կապի նախարարության պատվիրատվությամբ կիրականացվեն Հ-284(Մ-3)-Ջրառատ-Գայ-Ակնաշեն (Գայ-Ակնաշեն հատված) հիմնանորոգման աշխատանքները՝ 83.0 մլն դրամի և Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ Մ-5-Նոր Կեսարիա-Շենավան-Գետաշեն, կմ1+900-կմ7+220 հատվածի վերականգնման աշխատանքները (5.32կմ)՝ շուրջ 136.1 մլն դրամի շրջանակներում:
Մարզպետն անդրադարձավ նաև առողջապահության ոլորտին՝ ընդգծելով, որ 2014 թվականի առաջին կիսամյակում ձեռնարկվել են միջոցառումներ մայրական մահերի բացառման, պերինատալ մահացության իջեցման, հիվանդանոցային ծառայությունների որակի բարելավման և հիվանդանոցային մահաբերության իջեցման ուղղությամբ:
Հաշվետու ժամանակահատվածում մարզի երեք հիվանդանոցներում բուժօգնություն է ստացել 3785 հիվանդ, այդ թվում՝ 376-ը համավճարի սկզբունքով: Մարզում գրանցվել է 1158 ծնունդ, արձանագրվել է 0-18 տարեկան երեխաների մահացության 3 դեպք, մայրական մահացության դեպք չի արձանագրվել, իսկ համաճարակային իրավիճակը եղել է կայուն և վերահսկելի:
Խոսելով ոլորտում իրականացվող ծրագրերի մասին՝ մարզպետ Աշոտ Ղահրամանյանը նշեց, որ 2014 թվականին Համաշխարհային բանկի միջոցներով նախատեսվում է իրականացնել «Մեծամորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի վերանորոգման և Ակնալիճ համայնքի բուժամբուլատորիայի շենքի կառուցման աշխատանքները: Օրակարգային է նաև Էջմիածնի հիվանդանոցի վերանորոգման հարցը:
Անդրադառնալով կրթության ոլորտին՝ մարզպետը նշեց, որ 2013-2014 ուսումնական տարում մարզի հանրակրթական դպրոցներում աշխատում է շուրջ 3287 ուսուցիչ: 2014 թվականի առաջին կիսամյակում մարզի ուսուցիչների 20 տոկոսը՝ թվով 572 ուսուցիչ, վերապատրաստվել է Կրթության և գիտության նախարարության Կրթության ազգային ինստիտուտի Արմավիրի մասնաճյուղում:
Ըստ նրա՝ մարզային ենթակայության հանրակրթական դպրոցներում հունվարի 1-ի դրությամբ ընդգրկված է եղել 30331 աշակերտ, իսկ 2013 թվականին առաջին դասարան է հաճախել 2397 երեխա: Առաջին դասարանցիների թիվը 2012-ի համեմատությամբ աճել է 175-ով:
Մարզպետը ներկայացնելով դպրոցականների հանրապետական օլիմպիադաների տարածքային և մարզային փուլերի արդյունքները՝ նշեց, որ տարածքային փուլին մասնակցել է 1425, մարզային փուլին՝ 459 և հանրապետական փուլին` 91 աշակերտ: Հանրապետական կազմկոմիտեի կողմից գովասանագրերով պարգևատրվել է 7, երրորդ կարգի դիպլոմով 3, իսկ երկրորդ կարգի դիպլոմով 1 աշակերտ: Մաթեմատիկա առարկայից օլիմպիադային մասնակցել է 5-12-րդ դասարանի 1354 աշակերտ, իսկ ֆիզիկա առարկայից` 464 աշակերտ:
Մարզպետի կողմից անդրադարձ եղավ նաև համայնքների բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման գործընթացին և նշեց, որ փաստացի մուտքերը 2013 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ բավականին աճել են:
Նա խոսեց նաև ներմարզային խնդիրների, դրանց լուծման հնարավոր ուղիների ու նախատեսվող ծրագրերի մասին, ապա պատասխանեց լրագրողներին հետաքրքրող հարցերին: