Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արմավիրում ներկայացվել է Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը

07.07.2014

 Նախագահին կից սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանն այսօր Արմավիրում ներկայացրել է Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը: Քննարկմանը մասնակցել են Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, մարզպետարանի աշխատակիցներ, լրատվամիջոցների, քաղաքացիական հասարակության  ներկայացուցիչներ:

 Գագիկ Հարությունյանի խոսքով՝ Սահմանադրության ընդունման ժամանակ շատ երկրներ ընտրում են «մոդելային սահմանադրությունը», որն այլ երկրների սահմանադրությունների իմպլեմենտացիան է: «Այն վտանգավոր է, քանի որ չի արտացոլում այդ երկրի սոցիալ-քաղաքական իրավիճակը, արժեհամակարգը, մտածելակերպը: Սահմանադրությունն առաջին հերթին պետք է ապահովի մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանությունը»,- ասել է Հանձնաժողովի նախագահը՝ ընդգծելով, որ օրենքի գերակայությունն աստիճանաբար կարող է մարդուն դնել սահմանադրության լուսանցքում, որովհետև այդպիսով բարձրանում է պետության օրենքների նշանակությունը` ստվերելով մարդու իրավունքները:

 Գագիկ Հարությունյանի դիտարկմամբ, 2005թ-ի Սահմանադրությամբ հնարավոր եղավ որոշակի դրական տեղաշարժեր ապահովել, սակայն մարդու իրավունքների առումով այն չապահովեց համապատասխան լուծումներ:

 «Ինչպե՞ս պետք է կարողանան մարդու իրավունքները իրացվել, ինչպե՞ս պետք է ապահովվի դրանց իրականացումը. այս հարցերը գործող Սահմանադրությամբ մնում են բաց: Այսօր բոլորն էլ ցանկանում են ունենալ արդար ու անկախ դատական համակարգ, ամուր հիմքերով մարդու իրավունքների ինստիտուցիոնալ համակարգ, դրա համար իշխանությունը պետք է իրապես սահմանափակվի մարդու իրավունքներով: Ես ցանկանում եմ ապրել այնպիսի երկրում, որտեղ իմ երեխան կախված չէ չինովնիկի հայեցողությունից, որտեղ Սահմանադրությունը հստակ սահման է դնում իշխանության գործունեության նկատմամբ»,- նշել է Հանձնաժողովի նախագահը:

 Ըստ նրա՝ գործող Սահմանադրությում առկա են, այսպես ասած, ճեղքեր, որոնք հաճախ լցվում որոշ մարդկանց հայեցողություններով: Վերջիններիս սահմանները պետք է լինեն որոշակի, օրենքները` հստակ:

«Սահմանադրությամբ իրավական որոշակիությունը պետք է գերակայի, որպեսզի հայեցողական մոտեցումների հնարավորությունը բացառվի: Մարդիկ զբաղեցնում են պաշտոններ և սկսում լուծել սեփական սոցիալական խնդիրները, տեղի է ունենում քաղաքական, տնտեսական և վարչական սերտաճում, զսպումների և հակակշիռների մեխանիզմը սկսում է չաշխատել: Դրա պատճառն այն է, որ մենք հիմքը սխալ ենք դրել, այս երևույթը պետք է արմատախիլ արվի հենց Սահմանադրության դրույթներով»,- ընդգշել է Գագիկ Հարությունյանը:

 Անդրադառնալով հանրային իրավական պատասխանատվության հարցին` Հանձնաժողովի նախագահը նշել է, որ այդ ինստիտուտն իրավական պետությունում ունի իմպերատիվ նշանակություն: Որքան շատ է իրավական անորոշությունը, այնքան սուբյեկտիվ կամքի արտահայտման հնարավորությունը մեծանում է:

 Ըստ նրա՝ գործող Սահմանադրությամբ չկա  հստակություն սոցիալական, տնտեսական, քաղաքական իրավունքների միջև, և եթե դրանց լուծումները չտրվեն այսօր, ապա մեր սերունդները կկանգնեն բարդ իրավիճակի առջև:

 Անդրադառնալով կառավարման ձևի փոփոխման անհրաժեշտությանը՝ Գագիկ Հարությունյանը նշել է ԱՄՆ օրինակը, որտեղ նախագահը միայնակ չի կարող որոշումներ կայացնել, քանի որ այդ երկրում ստեղծվել է կառավարման ամուր համակարգ:

 «Մենք պետք է ընդունենք այնպիսի Սահմանադրություն, որը կապահովի մեր երկրի կայուն դինամիկ զարգացումը: Մենք պետք է իմաստավորենք մեր գոյը, դարձնենք այն արժեհամակարգ և դնենք Սահմանադրության հիմքում»,-ասել է Հանձնաժողովի նախագահը՝ շեշտելով, որ պետք է սահմանենք իշխանության որոշակի վարքականոն, որն ուղղված կլինի դեպի մարդը, նրա իրավունքներն ու ազատությունները:

 Հարցուպատասխանի ժամանակ հարցադրումներ են հնչել մարդու իրավունքների գերակայության, հանրային իրավական պատասխանատվության, կառավարման ձևի և այլ խնդիրների վերաբերյալ, տրվել են սպառիչ պատասխաններ:

Աղբյուր` www.justice.am

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-05-12 17:37:12