Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզկենտրոն Արմավիրում գրկաբաց ընդունեցին 3-րդ բանակային կորպուսում Արմավիրի մարզի զինծառայողներին

11.07.2014

Բանակ-հասարակություն, ծնող-հրամանատարական կազմ հարաբերությունները ամրապնդելու և համագործակցությունը խորացնելու նպատակով Պաշտպանության նախարարության և Արմավիրի մարզպետարանի համատեղ նախաձեռնությամբ այսօր մարզկենտրոնում Զինված ուժերի 3-րդ բանակային կորպուսի ենթակա զորամասերում ծառայություն անցնող Արմավիրի մարզից զորակոչված թվով 70 զինվորներ հնարավորություն ունեցան հանդիպելու իրենց ծնողներին և հրամանատարության կողմից 5-օրյա հանգստի իրավունք ստացան:

Օրվա առթիվ Արմավիր քաղաքի մշակույթի տանը կազմակերպվել էր միջոցառում, որին մասնակցեցին և մարզից զորակոչված պարտադիր ժամկետային զինծառայողների ու նրանց ծնողների ուրախությունը կիսեցին նաև Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, Հայ Առաքելական Եկեղեցու Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանը,  ԶՈւ  3-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Օնիկ Գասպարյանը, ՊՆ և ԶՈւ բարձրաստիճան սպաներ, պետական այրեր:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ մարզպետ Աշոտ Ղահրամանյանը՝ ասելով. <<Սրբազան հայր, հարգարժան սպաներ, սիրելի զինվորներ, հարգելի ծնողներ, տիկնայք և պարոնայք,
Ամեն անգամ այսպիսի հանդիպման գալով ուղղակի հպարտություն եմ ապրում, որովհետև այս հրաշալի հայորդիներն այսօր իրենց սահմանադրական պարտքը կատարելով մեր երկրի հանդեպ՝ մեր բոլորի խաղաղ կյանքն են ապահովում:
Սիրելի զինվորներ, դուք այսօր ծառայում եք հանրապետության այն հատվածում, որտեղ լարվածությունը միշտ կա, բայց դուք փառքով եք կատարում ձեր ծառայությունը: Իսկ այն գիտելիքներն ու փորձը, որ ձեռք եք բերում այս երկու տարիների ընթացքում՝ վերադառնալով ձեր ընտանիքներ, ես համոզված եմ, որ լավագույնս ծառայելու են ձեր հետագա կյանքն ավելի ճիշտ կազմակերպելուն>>:

Մարզպետն իր խոսքում շնորհակալություն հայտնեց նաև գնդապետ Օնիկ Գասպարյանին՝ զինծառայողների հանդեպ ունեցած նվիրումի և նրանց ծառայության համար ստեղծած բարենպաստ պայմանների համար: Իսկ զինվորների ծնողներին մաղթեց զինվել համբերությամբ և ուրախությամբ սպասել իրենց զավակների վերադարձին:

Ներկաներին իր օրհնության և բարեմաղթանքի խոսքը հղեց Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանը՝ նշելով. <<Թող սուրբ Գրիգոր Նարեկացու միջնորդությամբ մեր աղոթքները միշտ լսելի լինեն առ Աստված, և տերը խաղաղության մեջ, հաստատուն և առաջընթացի մեջ պահե մեր հայրենիքը, որպեսզի մեր զինվորը հպարտությամբ կանգնի սահմանում, սակայն զենքը չօգտագործի՝ միշտ լինելով խաղաղության ու հանգստության մեջ:

Թող Աստված խաղաղության մեջ պահի մեր հայրենիքը, թող միշտ ամուր, միակուռ, միակամ ու հաստատուն պահի 3-րդ բանակային կորպուսի հրամանատարությանը, նրա զինվորներին, սպասարկող ամբողջ անձնակազմին: Եվ թող Աստված ուժ տա մեր սիրելի ծնողներին, իսկ զինվորներին՝ քաջություն, որ պատվով վերադառնան իրենց օջախները, և միայն հպարտությամբ ասեն, որ ծառայել են հայոց հաղթանակած բանակում:
Փառք քեզ, հայոց աշխարհ, կեցցե, հայոց հաղթանակած բանակը>>:

Միջոցառմանն ամփոփիչ խոսքով հանդես եկավ 3-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Օնիկ Գասպարյանը՝ նշելով. <<Շփման գծում մշտական լարվածություն պահելու նպատակով պարբերաբար իրականացվող սադրանքների պայմաններում բանակային կորպուսի սպաներն ու զինվորները հաջողությամբ կատարում են իրենց առջև դրված մարտական խնդիրները: Դա ամենօրյա քրտնաջան նաև վտանգավոր, բայց ծայրահեղ անհրաժեշտ աշխատանք է, որը անտրտունջ կատարում են մեր 18-22 տարեկան երիտասարդները: Հաճախ նույնիսկ չպատկերացնելով, որ հերոսական գործ են անում` համարելով այն ընդամենը սովորական պարտկանությունների կատարում>>:

Զինծառայողների ծնողներին ուղղված իր խոսքում գնդապետ Գասպարյանը մեծ ոգևորությամբ փաստեց. <<Ուրախ ու հպարտ եմ, որ հայ ազգն ունի արժանի զավակներ, որոնց դուք եք դաստիարակել, մեծացրել ու ճանապարհել հայոց բանակ` պաշտպանելու մեր ազատ, անկախ հայրենիքի սահմանները: Գիտեմ, որ հեռավորություն, կարոտ ասվածները ծառայության տարիներին ձեր անբաժան ուղեկիցներն են: Սիրելի ծնողներ, համբերատար եղեք ու հավատով լեցուն, մենք էլ մեր հերթին կանենք այն հնարավորն ու անհնարինը, որ ձեր զավակները ծառայեն խաղաղ երկնքի տակ: Աստված տա, որ ամեն զինվոր պատվով տա իր պարտքը հայրենիքին և փառքով տուն վերադառնա>>:

Զինվորների ծնողներին ուղղված 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի  շնորհակալական խոսքն արտահայտվեց նաև շնորհակալագրերի տեսքով, որոնցում ասված էր. <<Հարգելի ծնողներ, հայտնում ենք ձեզ, որ Ձեր որդիները ծառայելով ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսի ենթակա զորամասերում, պատվով են կատարում իրենց սրբազան պարտքը, զինվորական երդման պահանջները ու ձեր ծնողական պատգամը՝ ազնվորեն ու անմնացորդ նվիրվել հայրենիքի պաշտպանության գործին:
Ձեր ոդիներն աչքի են ընկնում իրենց ազնվությամբ, բացառիկ բարեխղճությամբ, կարգապահությամբ և կամքի ուժով: Նրանք բարձր են պահում հայ ռազմիկի պատիվը, միշտ պատրաստ հայրենիքի սահմանների պաշտպանությանը:
Դուք, իրավամբ, կարող եք հպարտանալ ձեր զավակներով: Երախտապարտ եմ ձեզ նման հայրենասեր որդիներ և քաջարի ռազմիկներ դաստիարակելու համար>>:

Հավելենք, որ շնորհակալության և երախտագիտության խոսքեր հնչեցին նաև զինծառայողների և նրանց ծնողների կողմից, իսկ միջոցառումն ամփոփվեց Արմավիրի մարզը ներկայացնող անհատ կատարողների ելույթներով:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 17:02:10