Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Սարդարապատի հուշահամալիրում տեղի ունեցավ ավանդական դարձած Տոլմայի փառատոնը
17.07.2014
Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ և Արմավիրի մարզպետարանի անմիջական աջակցությամբ հուլիսի 16-ին Սարդարապատի հուշահամալիրում տեղի ունեցավ Տոլմայի համահայկական չորրորդ փառատոնը, որի նպատակն է հայկական տոլմայի պատմության վերականգնումը և նոր տարատեսակների ի հայտ բերումը:
Սարդարապատի հուշահամալիրում բացված 30 տաղավարներում ներկայացված էր տոլմայի ավելի քան 70 տեսակ՝ պատրաստված մայրաքաղաքի և մարզերի ռեստորանային տարբեր համալիրների և առանձին կազմակերպությունների խոհարարների կողմից:
Տեղի ունենալով <<Ոսկե ծիրան>> միջազգային կինոփառատոնի շրջանակներում՝ Տոլմայի փառատոնն իր շուրջ էր համախմբել այս օրերին տարբեր երկրներից Հայստան ժամանած անվանի մարդկանց և մեծ թվով այցելուների՝ հնարավորություն ընձեռելով հայկական ավանդակ կերակրատեսակ հանդիսացող տոլման համտեսել ոչ ավանդական միջավայրում:
Փառատոնին մասնակցեց նաև և բացման խոսքով հանդես եկավ ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը: Ողջունելով ներկաներին և կարևորելով փառատոնի անցկացման նպատակը՝ նա նշեց, որ Արմավիրի մարզի դռները միշտ բաց են բոլորի համար, և համահայկական դարձած այս տոնը մեծ ոգևորությամբ և ուրախությամբ է նշվում սրբավայր հանդիսացող Սարդարապատի հուշահամալիրում: Նա հույս հայտնեց, որ փառատոնը շարունակական կլինի և հնարավորություն կտա ազգային սիրված կերակրատեսակը փրկել օտարումից և դարձնել հայկական խոհանոցը ներկայացնող բրենդային ուտեստ: Ամփոփելով իր խոսքը՝ մարզպետը փառատոնի մասնակիցներին մաղթեց ուրախ և հագեցած օր՝ լի դրական տպավորություններով:
Տոլմայի համահայկական փառատոնն ուղեկցվեց համերգային ծրագրով և ավարտվեց մրցանակաբաշխությամբ: Մրցանակային տեղեր զբաղեցնելու համար տաղավարները միմյանց հետ մրցում էին «Լավագույն համուհոտ», «Լավագույն տեսք» և «Լավագույն մտահաղացում» անվանակարգերում: