Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետը տեղում հետևում է կրթօջախներում ընթացող շինաշխատանքներին
23.07.2014
ՀՀ Արմավիրի մարզի հրատապ խնդիրների լուծման ծրագրի հինգերորդ փուլով կրթօջախներում իրականացվող շինարարական աշխատանքներին տեղում հետևելու նպատակով մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր հերթական շրջայցը կատարեց համապատասխան հաստատություններում:
Մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ Կարինե Դանիելյանի և շինարարական կազմակերպությունների պատասխանատուների ուղեկցությամբ մարզպետն այցելեց ծրագրում ընդգրկված Երասխուն համայնքի միջնակարգ դպրոց, ուր ՀՀ կառավարության կողմից հատկացված 79 մլն 177 հազար դրամի շրջանակներում հունիսի 10-ից ընթանում են ուժեղացման աշխատանքներ: Նախորդ տարի նույն ծրագրի չորրորդ փուլով նշված կրթօջախում իրականացվել է նաև վերանորոգում:
Հաջորդ երկու՝ Նոր Արտագերս և Հացիկ համայնքների միջնակարգ դպրոցներում, ուր եղավ մարզպետը, ընթանում էին լոկալ ջեռուցման համակարգերի կառուցման աշխատանքներ՝ ծրագրով համապատասխանաբար հատկացված 41 մլն 400 հազարական դրամի շրջանակներում: Համանուն ծրագրի չորրորդ փուլով Նոր Արտագերս համայնքի միջնակարգ դպրոցի վերանորոգման համար 2013 թվականին հատկացվել է 50 մլն դրամ: Իսկ Հացիկ համայնքի միջնակարգ դպրոցում այժմ ընթանում են նաև վերանորոգման աշխատանքներ՝ Հայաստանի մանուկներ հիմնադրամի աջակցությամբ:
Մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այցելեց նաև Արազափ և Ջրաշեն համայնքների միջնակարգ դպրոցներ: Նշված կրթօջախներից առաջինում իրականացվում էին ուժեղացման աշխատանքներ, որի համար ՀՀ կառավարության կողմից հատկացվել է 46 մլն 575 հազար դրամ: Մարզի հրատապ խնդիրների լուծման ծրագրի առաջին և երկրորդ փուլերով Արազափ համայնքի միջնակարգ դպրոցում իրականացվել են նաև հիմնանորոգման և լոկալ ջեռուցման համակարգի վերանորոգման աշխատանքներ՝ համապատասխանաբար հատկացված 57 մլն 576 հազար և 30 մլն դրամով: Ջրաշեն համայնքի միջնակարգ դպրոցում նշված ծրագրի այս փուլով ընթանում են պատուհանների և տանիքի փոխման աշխատանքներ՝ ծրագրով նախատեսված 51 մլն 750 հազար դրամի շրջանակներում:
Վերը նշված կրթական հաստատություններում մարզպետին ներկայացնելով իրականացվող գործընթացի մանրամասները՝ շինարարական կազմակերպությունների պատասխանատուները վստահեցրեցին, որ աշխատանքներն ընթանում են սահմանված ժամանակացույցի համաձայն: Մարզպետ Աշոտ Ղահրամանյանն էլ հանձնարարեց նրանց մշտական ուշադրության կենտրոնում պահել աշխատանքների որակի նկատմամբ հսկողությունը և գործն ավարտին հասցնել նախանշված ժամկետներում: