Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արմավիր ՋՕԸ-ի սպասարկման տարածքում վերաշահագործվեց ևս մեկ խորքային հոր

26.07.2014

Արմավիր ջրօգտագործողների ընկերության սպասարկման տարածքում վերաշահագործված 29-ը խորքային հորերի թիվն այսօր ավելացավ ևս մեկով, որը շահագործման հանձնվեց Լենուղի գյուղական համայնքում: Խորքային հորի շահագործմամբ այսուհետ ոռոգման ջրով կապահովվի համայնքի շուրջ 40 հա հողատարածք:

14 տարի շարունակ չշահագործվող հորի մաքրման և գործարակման համար Արմավիր ՋՕԸ-ի և Լենուղու գյուղապետարանի համատեղ ջանքերով իրականացվել են շուրջ 2.5 մլն դրամի աշխատանքներ:

Կատարված աշխատանքներին տեղում ծանոթացավ և համայնքի բնակչության ուրախությանն ու ոգևորությանը մասնակից դարձավ նաև մարզպետ Աշոտ Ղահրամանյանը: Նա կարևորեց ոռոգման այս դժվարին շրջանում համատեղ ուժերով իրականացված աշխատանքի արդյունքում խորքային հորի վերաշահագործումը, որը բավականին կթեթևացնի գյուղացու՝ մշակովի հողատարածքները ջրելու հետ կապված հոգսերն ու խնդիրները:

<<Մարզում այս սակավաջուր տարում 2700 հա հողատարածք ավել է մշակվել, որը և ուրախացնում է, և ավելացնում է ոռոգման հետ կապված մեր հոգսերը: Ուստի այսպիսի կարևոր ձեռնարկների, ինչպես նաև փոխադարձ հարգանքի և զիջման մթնոլորտում մենք համատեղ ուժերով պետք է հաղթահարենք մեր առջև ծառացած խնդիրները և պատվով դուրս գանք ստեղծված իրավիճակից>>,- իր խոսքում նշեց մարզպետ Աշոտ Ղահրամանյանը:

Գյուղացիները շնորհակալություն հայտնեցին նախաձեռնության հեղինակներին՝ հավաստիացնելով, որ ոռոգման ջուրը խնայողաբար կօգտագործեն և կընդառաջեն միմյանց:

Հավելենք, որ այսօր Լենուղու բնակչության համար լուծում ստացավ նաև մանկապարտեզ ունենալու հարցը. ընդառաջ գնալով նրանց խնդրանքին՝ մարզպետն առաջարկեց համայնքապետին կարճ ժամանակահատվածում բուժամբուլատորիայի մի մասը բարեկարգել և դարձնել նախադպրոցական հաստատություն, ուր կհաճախի համայնքի՝ այդ տարիքային խմբի ավելի քան 160 երեխա:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 16:42:49