Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
2014-2015 ուսումնական տարին մեկնարկեց
01.09.2014
Այս տարի ևս դպրության օրը նշանավոր էր ՀՀ Արմավիրի մարզի դպրոցների համար: 2014-2015 ուսումնական տարվա մեկնարկի եւ Գիտելիքի օրվա կապակցությամբ հանդիսավոր արարողություններ կազմակերպվեցին մարզի բոլոր կրթօջախներում: Մարզպետ Աշոտ Ղահրամանյանը մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գայանե Սայադյանի ուղեկցությամբ այցելեց մարզի մի շարք դպրոցներ: Նրանք եղան Փարաքարի, Բաղրամյանի (Վաղարշապատի տարածաշրջան) միջնակարգ, Մեծամորի թիվ 1 հիմնական դպրոցներում, որտեղ մասնակցեցին կազմակերպված միջոցառումներին ու տարբեր բարեմաղթանքներ հղեցին ուսուցիչներին և աշակերտներին:
Վերջին կանգառը Սարդարապատ համայնքում էր: Այստեղ տոնական տրամադրությունը շաղախված էր հուզմունքով: Կրթօջախում բացվեց օգոստոսյան դեպքերի ժամանակ Արցախում զոհված, դպրոցի նախկին շրջանավարտ Արարատ Խանոյանի անունը կրող հայոց լեզվի և գրականության դասարան, ապա նրա անունով հուշապատ և խաչքար:
Մարզպետ Ա. Ղահրամանյանն իր ցավակցությունը հայտնելով դպրոցին և հատկապես Արարատի ծնողներին` նշեց. “Այս տոնի հետ մեկտեղ մենք ուզում ենք անմահացնել ձեր որդուն, ով իր սխրանքով արդեն իսկ անմահացել է: Մեր երկրի նախագահի և ողջ ժողովրդի անունից շնորհակալություն եմ հայտնում ձեզ` այդպիսի զավակ դաստիարակելու համար: Արարատը մեր բոլորի մեջ է, և բոլորս հավերժ հիշելու ենք նրան: Հավերժ փառք նրան և նրա նմաններին”: Այնուհետև շնորհավորելով դպրության ու գրի տոնը, մարզպետը շեշտեց. “Դուք, սիրելի աշակերտներ, լինելու եք մեր երկրի վաղվա կերտողները, հպարտանում ենք ձեզանով: Ես հույս ունեմ, որ Հայաստանը այնքան է հզորանալու, որ դառնալու է համայն հայության հանգրվանը”:
Դպրոցի լավագույն երեք մանկավարժները և ուսման մեջ առաջադիմություն ցուցաբերած աշակերտները տնօրենի կողմից արժանացան պատվոգրերի, որոնք հանձնեց Գ. Սայադյանը: Նա նույնպես բոլորին շնորհավորեց տոնի կապակցությամբ` հաջողություններ մաղթելով ազգային կրթության ու հայեցի դաստիարակության հայրենանվեր գործում: