Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տեղի ունեցավ Արմավիրի մարզի գործարարների տնտեսական 2-րդ ֆորումը
27.09.2014
ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի նախաձեռնությամբ այսօր Սարդարապատի հուշահամալիրում տեղի ունեցավ Արմավիրի մարզի գործարարների տնտեսական 2-րդ ֆորումը, որն իր շուրջն էր համախմբել ոչ միայն տեղի, այլ նաև արտերկրում բնակվող գործարարներին՝ նրանց մարզի զարգացման ծրագրերը ներկայացնելու և դրանց իրագործման շուրջ համագործակցելու նպատակով:
Ֆորումին մասնակցում էին նաև Հայ Առաքելական Եկեղեցու Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանը, Էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը և նախարարության աշխատակիցներ, Արմավիրի մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաներ, ինչպես նաև մի շարք համայնքների ղեկավարներ:
Ողջունելով ներկաներին և կարևորելով նրանց մասնակցությունը Արմավիրի մարզի գործարարների տնտեսական 2-րդ ֆորումին՝ մարզպետ Աշոտ Ղահրամանյանը ներկայացրեց 1-ին ֆորումին հաջորդած շուրջ յոթը տարիների ընթացքում մարզի գործարարների կողմից իրականացված բարեգործական ծրագրերը, որոնք կարևոր նշանակություն են ունեցել մարզի սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման հարցում: Ապա անդրադառնալով 2-րդ ֆորումի հիմնական նպատակին՝ նա ընդգծեց, որ այժմ կարևորվում է բարեգործությունից փոխշահավետ գործընկերության անցնելը, միաժամանակ վստահեցնելով, որ մարզում կստեղծվեն բոլոր պայմանները ներդրումներ կատարելու համար:
Ողջունելով Ֆորումի իրականացման գաղափարը՝ Էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը կարևորեց արտերկրում ապրող գործարարների ջանքերի միավորումը ընդհանուր գաղափարների իրագործման շուրջ, որն, ըստ նրա, շատ ողջունելի է մարզում դրական տեղաշարժեր կատարելու համար: Նա իր հերթին կարևորեց բարեգործական քննարկումներից անցումը դեպի ներդրումայինին, որը ենթադրում է նոր աշխատատեղերի բացում, ներդրումներ երկրի տնտեսության մեջ: Գարեգին Մելքոնյանը ֆորումի մասնակիցներին ներկայացրեց նաև կառավարության կողմից տնտեսության զարգացմանն ուղղված հիմնական քայլերն ու առաջնահերթությունները:
Համամարզային կարևորություն ունեցող միջոցառման իրականացման գաղափարը ողջունեցին նաև գործարարները՝ հիմնականում ընդգծելով, որ այն կնպաստի համախմբելու ուժերն ընդհանուր գաղափարի՝ մարզի զարգացմանն ուղղված ծրագրերի իրագործման շուրջ ներդրումներ կատարելու համար:
Իսկ Արմավիրի մարզի սոցիալ-տնտեսական զարգացման գործում ունեցած մեծ ավանդի և հայրենանվեր գործունեության համար մարզպետ Աշոտ Ղահրամանյանը մոսկվաբնակ գործարար Ռուբեն Գրիգորյանին շնորհեց Արմավիրի մարզի պատվավոր քաղաքացու կոչում՝ միաժամանակ պարգևատրելով Երվանդ թագավորի ոսկե մեդալով:
Ելնելով Արմավիրի մարզում առկա հիմնախնդիրների լուծման անհրաժեշտությունից և առաջնորդվելով մարզի 2015-2018 թվականների սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի հիմնական դրույթներով՝ ֆորումի արդյունքում որոշում ընդունվեց ստեղծել համապատասխան մարմին, որը կունենա հոգաբարձուների խորհուրդ, ուր կքննարկվեն և կյանքի կկոչվեն Արմավիրի մարզի զարգացմանն ուղղված ծրագրերը:
Արմավիրի մարզի գործարարների տնտեսական 2-րդ ֆորումն ամփոփվեց վերջին երեք տարիների ընթացքում մարզում կատարված ներդրումների վերաբերյալ ֆիլմի դիտմամբ: