Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետն ընդունեց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոյին
30.09.2014
ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր ընդունեց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոյին: Հանդիպմանը ներկա էին նաև փոխմարզպետներ Լարիսա Մուրադյանը և Մովսես Քարտաշյանը:
Ողջունելով դեսպանի այցն Արմավիրի մարզ՝ մարզպետ Աշոտ Ղահրամանյանն ընդգծեց, որ Ֆրանսիան և ֆրանսիացիները միշտ եղել են, կան ու կմնան հայերի մեծ բարեկամները. <<Մենք միշտ հպարտությամբ ենք խոսում ֆրանսիացիների մարդասիրության և հատկապես հայասիրության մասին, իսկ դեմոկրատիան, իմ համոզմամբ, սկիզբ է առել հենց Ֆրանսիայից>>: Այդուհանդերձ նա պատրաստակամություն հայտնեց երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ծրագրերի իրագործման շուրջ համագործակցություն սկսել ֆրանսիացի գործընկերների հետ:
Հանդիպման ընթացքում մարզպետ Աշոտ Ղահրամանյանը դեսպան Անրի Ռենոյին ընդհանուր տեղեկություններ ներկայացրեց մարզը բնորոշող առանձնահատկությունների վերաբերյալ, ապա խոսեց մարզում գրանցված դեմոգրաֆիկ աճի, գյուղատնտեսության ոլորտում գրանցված ցուցանիշների, իրականացված ծրագրերի, հիմնական ձեռքբերումների և առաջիկա անելիքների մասին՝ այդ համատեքստում առանձնակի կարևորելով ազգաբնակչության կենսամակարդակի բարձրացմանն ուղղված քայլերը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և Արմավիրի մարզի մասին կարևոր տեղեկություններ ներկայացնելու համար՝ Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն ողջունեց մարզի զարգացման դինամիկան և իր հերթին պատրաստակամություն հայտնեց նախաձեռնություն հանդես բերել Արմավիրի մարզի հետ համագործակցության ուղիներ գտնելու հարցում:
Դեսպանը հետաքրքրվեց նաև մարզում առկա ներդրումային հնարավորություններով՝ ընդգծելով, որ առանձնակի հետաքրքրություն կա գյուղմթերքների վերամշակմանն առնչվող ծրագրերի նկատմամբ: Մասնավորապես խոսելով վերջին երեք տարիներին ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածում Հայաստանում գործունեություն իրականացնող Զարգացման ֆրանսիական գործակալության մասին՝ դեսպան Անրի Ռենոն տեղեկացրեց, որ տվյալ գործակալությունը ընթացիկ ծրագրերից զատ այժմ հետաքրքրված է նաև այլ ծրագրերի իրականացմամբ: Այս առումով դեսպանը խոստացավ միջնորդություն ցուցաբերել Զարգացման ֆրանսիական գործակալության աջակցությամբ մարզում գյուղատնտեսության ոլորտին առնչվող ծրագրեր իրականացնելու հարցում:
Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ նաև Էջմիածին և Իսի Լե Մուլինո քաղաքների միջև ձևավորված համագործակցությանը և դրա շրջանակներում իրականացված ծրագրերին: Միաժամանակ կարևորվեց ֆրանսիական մեկ այլ քաղաքի հետ ևս նման փոխգործակցություն սկսելու մարզպետ Աշոտ Ղահրամանյանի առաջարկը:
Զրուցակիցները հանդիպման ընթացքում քննարկեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր ևս:
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոյի այցն Արմավիրի մարզ ամփոփվեց ՄԱՊ գործարան այցելությամբ: