Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետն ընդունեց Արևելյան գործակցության դեսպաններին
22.10.2014
ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր ընդունեց Հայաստան ժամանած Արևելյան գործակցության դեսպաններին Շվեդիայից, Դանիայից, Լեհաստանից, Սլովենիայից և Հունգարիայից: Հանդիմանը ներկա էր նաև փոխմարզպետ Դավիթ Սամսոնյանը:
Այցի նպատական էր ներկայացնել Արևելյան գործակցության նախաձեռնությունը և ուղիներ գտնել ակտիվացնելու Հայաստան-Եվրամիություն համագործակցությունը:
Մարզպետ Աշոտ Ղահրամանյանը ողջունեց Արևելյան գործակցության դեսպանների այցն Արմավիրի մարզ և նրանց առաքելությունը` նշելով, որ մարզպետարանը լուրջ աշխատանքներ է իրականացնում արտաքին կապերի հաստատման ուղղությամբ, այդ թվում` եվրոպական երկրների տարածքային կառավարման մարմինների հետ:
Նա մասնավորապես ներկայացրեց Չեխիայի Հանրապետության Մորավսկի-Սիլեզյան երկրամասի, Սլովակիայի Հանրապետության Տռնավա նահանգի, Դանիայի Թագավորության Օդերի համայնքի միջև ձևավորված փոխհարաբերությունները և դրանց ընդլայնմանն ուղղված ծրագրերը` միաժամանակ տեղեկացնելով, որ Արմավիրի մարզը Եվրոպական ռեգիոնների ասամբլեային անդամակցելու հայտ է ներկայացրել:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և կարևոր տեղեկություններ ներկայացնելու համար` Արևելյան գործակցության դեսպանները մասնավորապես նշեցին, որ իրենք հարգում են Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու Հայաստանի որոշումը, և իրենց նպատակն է հասկանալ, թե այս իրադարձությունների լույսի ներքո ինչպես կարող են նպաստել կողմերի գործակցության խորացմանը` ուրախությամբ փաստելով նաև, որ Հայստանը բավականին առաջընթաց է գրանցել Եվրոմիության ասոցացման համաձայնագրի ուղղությամբ:
Մարզպետ Աշոտ Ղահրամանյանը վստահություն հայտնեց, որ Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը չի խոչընդոտի Եվրոմիության հետ հարաբերությունների զարգացմանը. <<Մենք եվրոպական արժեքներ կրող ժողովուրդ ենք, և մեր իշխանության նպատակն է զարգացնել մեր հասարակությունը հենց այդ արժեքների հիման վրա>>: