Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Կայացավ <<Երգը բարեկամության կամուրջ է>> ռուսական երգի հանրապետական երրորդ փառատոնը
31.10.2014
Արմավիրի թիվ 1 մշակույթի տանն այսօր տեղի ունեցավ <<Երգը բարեկամության կամուրջ է>> խորագիրը կրող ռուսական երգի հանրապետական երրորդ փառատոնը, որին ներկա էին ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, Ռուսաստանի հայերի միության և համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահ, ռուսաց լեզվի զարգացման հայկական կենտրոնի նախագահ Վլադիմիր Ավեյանը, ՀՀ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Փառանձեմ Կարապետյանը, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գայանե Սայադյանը, դպրոցների տնօրեններ, ոլորտի պատասխանատուներ և այլոք:
Փառատոնի նպատակն է Հայաստանի դպրոցականներին առավել ակտիվորեն հաղորդակից դարձնել ռուս ժողովրդի մշակութային և հոգևոր արժեքներին, նպաստել Ռուսաստանի, ռուսական մշակույթի և ռուսաց լեզվի նկատմամբ նրանց հետաքրքրության բարձրացմանը և դրանով իսկ աջակցել Հայաստանում ռուսական մշակույթի և ռուսաց լեզվի վարկի բարձրացմանը, Ռուսաստանի, որպես Հայաստանի ռազմավարական գործընկերոջ, նկատմամբ բարենպաստ հասարակական կարծիքի պահպանմանն ու հետագա խորացմանը:
Մրցույթի մասնակիցներին ողջունեց և ոգևորեց մարզպետ Աշոտ Ղահրամանյանը` նշելով. <<Երգը հիրավի համամարդկային երևույթ է, որն իսկապես տարբեր ազգեր ու ժողովուրդներ միմյանց կապող հոգևոր կամուրջ է: Այս միջոցառումը ևս մեկ անգամ հաստատում է դարերից եկող և դեպի դարերը գնացող այն անդավաճան բարեկամությունը, որ մենք ունենք ռուս ժողովրդի հետ: Թող այս հրաշալի միջոցառումը վաղվա ձեր լավ հիշողությունների աղբյուրը լինի>>:
Մարզի տարբեր դպրոցներ ներկայացնող աշակերտները հանդես եկան կատարումներով, որից հետո մարզային ժյուրին ընտրեց այն տասը լավագույններին, ովքեր կմասնակցեն փառատոնի եզրափակիչ (հանրապետական) փուլին:
Հիշեցնենք, որ փառատոնն անցկացվում է <<Ռուսաստանի հայերի միություն>> համառուսաստանյան, <<Ռուսաց լեզվի զարգացման հայկական կենտրոն>> հասարակական կազմակերպության, ՀՀ կրթության և գիտության, ՀՀ մշակույթի նախարարությունների աջակցությամբ: