Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի ունեցավ ՀՀ Արմավիրի մարզխորհրդի հերթական նիստը

04.11.2014

Այսօր տեղի ունեցավ ՀՀ Արմավիրի մարզխորհրդի հերթական նիստը, որը վարեց մարզպետ Աշոտ Ղահրամանյանը: Մարզխորհրդի նիստին մասնակցում էին մարզպետի տեղակալներ Դավիթ Սամսոնյանը, Մովսես Քարտաշյանը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Փառանձեմ Կարապետյանը և աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումների պատասխանատուները և ջրօգտագործող ընկերությունների տնօրենները:

Մինչ օրակարգային հարցերին անդրադառնալը` մարզի խորհրդին համագործակցության կոչով դիմեց ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արսեն Այվազյանը` մասնավորապես ներկայացնելով մարզում հանցավորության դեմ պայքարի և կանխարգելմանն ուղղված մի քանի նախաձեռնություններ` ակնկալելով համայնքապետերի ակտիվ աջակցությունը: 

Կարևորելով Ոստիկանության մարզային վարչության և տեղական ինքնակառավարման մարմինների համագործակցությունը` մարզպետ Աշոտ Ղահրամանյանն համոզմունք հայտնեց, որ այն իր դրական արդյունքները կտա և կնպաստի ժողովրդի բարօրությանը:

Օրակարգային հարցերի շրջանակում Գյուղատնտեսական համատարած հաշվառման (ԳՀՀ) աշխատանքների ընթացքի վերաբերյալ զեկուցմամբ հանդես եկավ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Արթուր Այվազյանը` տեղեկացնելով, որ hիմք ընդունելով <<Գյուղատնտեսական համատարած հաշվառման մասին>> ՀՀ օրենքը և ղեկավարվելով ՀՀ կառավարության 25.04.2013թ. N 402-Ն որոշմամբ` 2014 թվականի հոկտեմբերի 6-31-ը Արմավիրի մարզում իրականացվել է գյուղատնտեսության համատարած հաշվառում` 524 հաշվարարների միջոցով:

Նրա տեղեկացմամբ` հաշվարարների աշխատանքների կազմակերպումն իրականացվել է այդ նպատակով մարզում ստեղծված 10-ը հաշվառման տեղամասերի միջոցով, իսկ համակարգումը` մարզային հանձնաժողովի, որը գլխավորում է մարզպետ Աշոտ Ղահրամանյանը:

Ա. Այվազյանի խոսքով` այսուհետ կընթանա հաշվարարների կողմից իրականացված աշխատանքների ստուգման և ընդունման փուլը, իսկ տվյալների վերջնական ամփոփումը և հրապարակումը կիրականացվի 2016 թվականին:

Նոյեմբերի 1-ի դրությամբ մարզի համայնքների սեփական եկամուտների հավաքագրման գործընթացը ներկայացրեց մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Վարազդատ Մկրտչյանը` նշելով, որ  հաշվետու ժամանակահատվածում մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտների փաստացի մուտքերը նախատեսված 1 մլրդ 644 մլն 486 հազար դրամի դիմաց կազմել են 1 մլրդ 475 մլն 750 հազար դրամ, կատարողականը՝ 89,7 տոկոս:

Վ. Մկրտչյանի խոսքով` հավաքագրման մակարդակը 2013 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է 2,2 տոկոսով. շուրջ 7 տոկոսով ավելացել են գույքահարկի և վարձակալական եկամուտների հավաքագրման ցուցանիշները: Նվազում է գրանցվել միայն հողի հարկի հավաքագրման մասով: 

Անընդունելի համարելով հավաքագրման ցածր ցուցանիշների ապահովումը` մարզպետը համապատասխան համայնքների ղեկավարներին առաջարկեց ամենայն պատասխանատվությամբ վերաբերվել սեփական եկամուտների հավաքագրման գործընթացին` ապահովելով համայնքի բյուջեով պլանավորված ցուցանիշների կատարումը:

Հիմք ընդունելով ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության պետի 25.09.2014 թվականի N 7/36-14-5068 և N 7/36-4-5147 գրությունները` մարզի խորհրդի նիստի ընթացքում մարզպետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի գլխավոր մասնագետ Լիաննա Հարությունյանը հաջորդաբար ներկայացրեց Արմավիրի մարզի Արգավանդ համայնքի բնակիչ Մարինե Գրիգորյանի դիմումի հիման վրա Արգավանդ համայնքի ղեկավար Արշակ Աղաջանյանի, ապա նաև Նալբանդյան համայնքի ղեկավար Գրիգոր Մկրտչյանի վերաբերյալ նախապատրաստված նյութերով Արմավիրի մարզպետարան ուղարկված միջնորդագրերը, որոնք վերաբերում են համապատասխան համայնքների ղեկավարների կողմից իրականացված գործառույթներին` կապված հողային հարաբերությունների և տեղեկատվության տրամադրման կարգի հետ:

Օրակարգային վերը նշված հարցերի քննարկման արդյունքում նախ առաջարկվեց համայնքի սեփականություն հանդիսացող գույքը ինչպես վարձակալությամբ տրամադրելու, այնպես էլ վաճառելու հետ կապված մրցույթների և աճուրդների կազմակերպումն ու իրականացումը կատարել միայն ՀՀ հողային օրենսգրքով, <<Հրապարակային սակարկությունների մասին>> ՀՀ օրենքով և ՀՀ կառավարության 12.04.2001 թվականի N 286 որոշմամբ սահմանված կարգով:

Ապա անդրադարձ եղավ նաև <<Տեղեկատվության ազատության մասին>> ՀՀ օրենքի հիմնական դրույթներին և առաջարկվեց օրենքով սահմանված կարգով տեղեկատվություն փնտրող անձին տրամադրել հավաստի և ամբողջական տեղեկատվություն:

Արմավիրի մարզում 2014 թվականի ձմեռային զորակոչի կազմակերպմանն առնչվող հարցերին անդրաարձան Արմավիրի և Էջմիածնի զինվորական կոմիսարները` մասնավորապես ընդգծելով, որ դեռևս սեպտեմբեր ամսից տարածքային զինվորական կոմիսարիատներում սկսվել են նախապատրաստական աշխատանքները և ընթանում են բնականոն հունով:
Օրակարգային հարցերի ավարտից հետո եղան նաև հայտարարություններ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:58:53