Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ջանֆիդա համայնքում բացվեց մարտական գործողությունների ժամանակ զոհված լեյտենանտ Գոռ Գրիգորյանի հիշատակը հավերժացնող հուշաքարը
17.12.2014
ՀՀ Արմավիրի մարզի Ջանֆիդա համայնքում այսօր հանդիսավոր պայմաններում բացվեց սույն թվականի հուլիսի 31-ին մարտական գործողությունների ժամանակ զոհված լեյտենանտ Գոռ Գրիգորյանի հիշատակը հավերժացնող հուշաքարը:
Գոռ Գրիգորյանը հուլիս-օգոստոս ամիսներին հակառակորդի դիվերսիոն գործողությունների ընթացքում Արմավիրի մարզից զոհված երեք զինծառայողներից մեկն էր, ով ևս իր հավերժ ներկայությունը գտավ հայրենի բնակավայրում:
Քաջ հայորդու հուշաքարի բացմանը ներկա էր նաև մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, ով կրկին անգամ իր վշտակցությունն ու զորակցությունը հայտնեց Գոռի ծնողներին, հարազատներին` մեծ հպարտությամբ ընդգծելով նրանց որդու սխրանքը հանուն հայրենիքի պաշտպանության, որի համար նա Հանրապետության նախագահի կողմից հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով:
<<Թող խաղաղություն լինի մեր երկրում, մեր օջախներում թող երբեք վշտի արցունքներ չլինեն, իսկ Գոռի նմանները թող շատ ծնվեն և հերոսներ դառնան մեր կողքին ապրելով>>,- իր խոսքում նշեց մարզպետ Աշոտ Ղահրամանյանը` հոգու ամրություն մաղթելով Գրիգորյանների ընտանիքին:
Այնուհետև Հայ Առաքելական Եկեղեցու Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանը կատարեց հոգեհանգստի կարգ` նվիրված Գոռ Գրիգորյանի հիշատակին:
Հավելենք, որ Գոռ Գրիգորյանի, Արարատ Խանոյանի (Սարդարապատ), Սարգիս Մովսիսյանի (Մայիսյան) հիշատակը հավերժացնող հուշաքարերն իրենց ծննդավայրում կանգնեցվել են "Արմավիրի մարզի երիտասարդական կենտրոն" ՀԿ-ի նախաձեռնությամբ, որը Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի գործընկեր կազմակերպության՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած դրամաշնորհային մրցույթի շրջանակներում իրականացնում է "Կյանք՝ հանուն կյանքի" ծրագիրը։