Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ջանֆիդա համայնքում բացվեց մարտական գործողությունների ժամանակ զոհված լեյտենանտ Գոռ Գրիգորյանի հիշատակը հավերժացնող հուշաքարը

17.12.2014

ՀՀ Արմավիրի մարզի Ջանֆիդա համայնքում այսօր հանդիսավոր պայմաններում բացվեց սույն թվականի հուլիսի 31-ին մարտական գործողությունների ժամանակ զոհված լեյտենանտ Գոռ Գրիգորյանի հիշատակը հավերժացնող հուշաքարը:

Գոռ Գրիգորյանը հուլիս-օգոստոս ամիսներին հակառակորդի դիվերսիոն գործողությունների  ընթացքում Արմավիրի մարզից զոհված երեք զինծառայողներից մեկն էր, ով ևս իր հավերժ ներկայությունը գտավ հայրենի բնակավայրում:

Քաջ հայորդու հուշաքարի բացմանը ներկա էր նաև մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, ով կրկին անգամ իր վշտակցությունն ու զորակցությունը հայտնեց Գոռի ծնողներին, հարազատներին` մեծ հպարտությամբ ընդգծելով նրանց որդու սխրանքը հանուն հայրենիքի պաշտպանության, որի համար նա Հանրապետության նախագահի կողմից հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով:

<<Թող խաղաղություն լինի մեր երկրում, մեր օջախներում թող երբեք վշտի արցունքներ չլինեն, իսկ Գոռի նմանները թող շատ ծնվեն և հերոսներ դառնան մեր կողքին ապրելով>>,- իր խոսքում նշեց մարզպետ Աշոտ Ղահրամանյանը` հոգու ամրություն մաղթելով Գրիգորյանների ընտանիքին:

Այնուհետև Հայ Առաքելական Եկեղեցու Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանը կատարեց հոգեհանգստի կարգ` նվիրված Գոռ Գրիգորյանի հիշատակին:

Հավելենք, որ Գոռ Գրիգորյանի, Արարատ Խանոյանի (Սարդարապատ), Սարգիս Մովսիսյանի (Մայիսյան) հիշատակը հավերժացնող հուշաքարերն իրենց ծննդավայրում կանգնեցվել են "Արմավիրի մարզի երիտասարդական կենտրոն" ՀԿ-ի նախաձեռնությամբ, որը Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի գործընկեր կազմակերպության՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած դրամաշնորհային մրցույթի շրջանակներում իրականացնում է "Կյանք՝ հանուն կյանքի" ծրագիրը։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:58:53