Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հանրային լսումներ` «Կրթության գերազանցության ազգային ծրագրի» շրջանակներում

17.12.2014

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և «Այբ» կրթական հիմնադրամը, համագործակցելով Քեմբրիջի համալսարանի և Լոնդոնի կրթության ինստիտուտի հետ, նախաձեռնել են «Կրթության գերազանցության ազգային ծրագիրը», որի նպատակն է` կարևորել ուսուցչի դերը հասարակության մեջ, գրավիչ դարձնել կրթության սպասավորի մասնագիտությունը, լավագույն մարդկային ռեսուրսներն ուղղել դեպի կրթություն և ձևավորել մրցունակ, առաքելության զգացողություն ունեցող ուսուցիչների համայնք։

Մարզկենտրոն Արմավիրում այսօր կայացավ «Կրթության գերազանցության ազգային ծրագրի» հանրային լսումների մարզային փուլը: Միջոցառմանը ներկա գտնվեց և բացման խոսքով հանդես եկավ ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը` ասելով. <<Ողջունում եմ Կրթության և գիտության նախարարության և «Այբ» կրթական հիմնադրամի նախաձեռնությունն ու այն կյանքի կոչելու բուն նպատակը:

Մեր նորաստեղծ հանրապետության կրթության համակարգը բազում փորձությունների է դիմակայել և այսօր այն զարգացնելու և հզորացնելու անխուսափելի պահանջ ու անհրաժեշտություն կա:

Մենք պատրաստ ենք համագործակցել և աջակցել մարզում ծրագրի իրականացմանը: Արմավիրի մարզն ունի մեծ ներուժ. մարզի կրթության համակարգում այսօր աշխատում է ուսուցիչների հսկա բանակ, և փորձառու ուսուցիչների կողքին ունենք նաև նորագույն մեթոդներով աշխատող երիտասարդ ուսուցիչներ, որոնց հավասարապես անհրաժեշտ կլինի վերապատրաստվել, կատարելագործել իրենց գիտելիքները, փորձը և հմտությունները, ինչպես նաև ներդաշնակորեն սերմանելու և զարգացնելու ազգային արժեքները և միջազգային կրթական չափորոշիչները` կրթության ու դաստիարակության գործընթացներում:

Հուսով եմ, որ ծրագիրն ամբողջությամբ կկատարի իր առաքելությունը և մանկավարժների վերապատրաստման և հաջորդող այլ ծրագրերի իրագործմամբ Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչելիության ոլորտներից մեկը կլինի նաև բարձր որակի կրթությունը:

Իսկ որպես վերջնական արդյունք մենք կունենանք որակյալ և միջազգային չափանիշերին համապատասխան կրթական համակարգ ու կյանքի մարտահրավերներին պատրաստ ու կենսունակ գիտելիքներով հարուստ սերունդ>>:

Այնուհետև «Այբ» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Դավիթ Սահակյանը ներկայացրեց ծրագրի իրականացմանն առնչվող մի շարք մանրամասներ, պատասխանեց ներկաներին հետաքրքրող հարցերին, որին հաջորդեցին խմբային քննարկումները:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:58:53