Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տարեվերջյան խորհրդակցություն` մարզի կրթական հաստատությունների տնօրենների մասնակցությամբ
25.12.2014
ՀՀ Արմավիրի մարզպետարանում այսօր տեղի ունեցավ մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների տարեվերջյան խորհրդակցությունը` մասնակցությամբ մարզպետ Աշոտ Ղահրամանյանի, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գայանե Սայադյանի:
Խորհրդակցությանը 2014-2015 ուսոմնական տարվա առաջին կիսամյակում իրականացված աշխատանքների վերաբերյալ ամփոփ զեկույցով հանդես եկավ մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետը` մասնավորապես ընդգծելով, որ մարզի հանրակրթական դպրոցներում հաշվետու ժամանակահատվածում ապահովվել է կրթական պետական ծրագրերի լիարժեք իրականացումը, կազմակերպվել է մի շարք հանրակրթական դպրոցների նյութատեխնիկական բազայի համալրումը համակարգիչներով, դիդակտիկ նյութերով և ուսումնական գրականությամբ, վերանորոգվել և կահավորվել են լաբորատորիաներ, մարզադահլիճներ, շախմատ և ռազմագիտություն առարկաների կաբինետներ:
Ըստ նրա` ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից ընդունված նորմատիվ ակտերը ժամանակին տրվել են ուսումնական հաստատություններին, վերահսկվել է դրանց համապատասխան գործընթացների կազմակերպումը, պարտադիր կատարման հանձնարարակաների անթերի կատարումը:
Ամփոփելով խորհրդակցությունը` մարզպետ Աշոտ Ղահրամանյանը կարևորեց ոլորտում տեղ գտած հաջողությունները, ձեռքբերումները, ներկաների ուշադրությունը հրավիրեց նաև բացթողումների վրա` ընդգծելով, որ ներկաներից յուրաքանչյուրը պետք է ջանասիրաբար և մեծ պատասխանատվությամբ կատարի իր աշխատանքը, քանի որ նրանց է վերապահված մատաղ սերնդի կրթությունն ու դաստիարակությունը:
Այնուհետ մարզպետը պատվոգրեր հանձնեց Արմավիրի թիվ 5, թիվ 6, Վաղարշապատի թիվ 4 հանրակրթական և Սարդարապատի, Լուկաշինի, Մայիսյանի, Ակնալճի, Ապագայի միջնակարգ դպրոցների տնօրեններին` հանրակրթության բնագավառում մատաղ սերնդի գեղագիտական, հոգևոր և ռազմահայրենասիրական դաստիարակության գործում ունեցած նշանակալի ավանդի և արտադպրոցական ու արտադասարանական աշխատանքները լավագույնս կազմակերպելու համար: