Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզկենտրոն Արմավիրում մեծ հանդիսությամբ նշվեց Հայոց բանակի կազմավորման 23-րդ տարեդարձը

28.01.2015

Հայոց բանակի կազմավորման 23-րդ տարեդարձի առթիվ այսօր Արմավիրի մարզային և քաղաքային իշխանությունները, հոգևոր թեմը, կրթական հաստատությունների, հասարակական և այլ կառույցիների աշխատակիցներ ծաղիկներ և ծաղկեպսակներ դրեցին Արցախյան հերոսամարտում զոհված և անհայտ կորած ազատամարտիկների  հիշատակը հավերժացնող հուշարձանին` գլուխ խոնարհելով հանուն մերօրյա խաղաղության իրենց կյանքը զոհած քաջերի  հիշատակի առջև:

Այնուհետև Արմավիրի մշակույթի տանը տեղի ունեցավ տոնական օրվան նվիրված հանդիսավոր նիստ: Միջոցառման սկիզբն ազդարարվեց պետական օրհներգով, որի հնչյունների ներքո ներս բերվեց Հայոց եռագույնը: Ապա Տերունական աղոթք հնչեցրեց և օրվա առթիվ օրհնության և բարեմաղթանքի խոսք հղեց Արմավիր քաղաքի սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Ստեփանոս քահանա Մելիքյանը:

Հայոց բանակի կազմավորման 23-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր նիստին բացման խոսքով հանդես եկավ ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը` ասելով. <<Սիրելի բարեկամներ, հանդիսավոր նիստի հարգարժան մասնակիցներ.
Մեր առօրյա կյանքի բազմաբնույթ զարկերակի մեջ, մեր պետական տոնացույցում առանձնահատուկ է Հայոց բանակի ծնունդը, որի 23-րդ տարեդարձը ժողովուրդը նշում է մի առանձին սիրով ու մեծարանքով: Բանակը մեր հավաքական ուժի և միասնության խորհրդանիշն է, մեր երկրի սահմանների պաշտպանության և մեր պետականության ամրապնդման ամենագլխավոր երաշխիքը: Հպարտ ենք, որ մեր ազգային մեծագույն հարստությունը կազմող բանակի կուռ շարքերում իրենց բարձր գիտակցությամբ և ինքնամոռաց նվիրումով՝ կողք-կողքի են շարքային զինվորները, սպայական անձնակազմը, մեր ժողովրդի թանկ ու սիրասուն զավակները:

Ինչպես միշտ, այս օրերին, հենց այս պահին նրանք խիզախում են սահմանային առաջին գծերում: Հայրենսիրության մղումով, պատասխանատվությամբ և իրենց առաջադրանքն ու գլխավոր խնդիրը խորապես հասկանալու աննահանջ կամքով՝ նրանք անցնում են փորձությունների միջով, միաժամանակ սաստելով սահմանային նենգ չարությունները և ոխերիմ թշնամու ցանկացած ոտնձգություն:

Սիրելի բարեկամներ, մեր բանակը դժվարին, բայց փառավոր ճանապարհ է անցել Արցախի գոյամարտի օրերին: Դրանք, իսկապես, դժվարին ժամանակներ էին, բայց հոգով արիացած ու պայծառանուն մեր զավակները, կռվի ելած երկրապահ կամավորական միավորումները, ամբողջ ժողովուրդը և այդ օրերին արդեն կազմավորվող բանակը դրսևորեցին կամք և խիզախություն՝ դաս տալով անարգ թշնամուն: Ահա թե ինչու, որքան էլ անցնում է ժամանակը, նույնքան խորությամբ և պատմականորեն ճիշտ է ընկալվում թանկ գնով ազատագրված հող-հայրենիի բացառիկ վեհությունը: Արցախի համար ազատագրական պայքարը, հայրենապաշտպանության դասական օրինակ էր, արժանապատվության հաղթանակ, ազգային ոգու զորացման պատմական ու իրական վավերացում: Դաժանորեն ետ բերվող արցախյան լույսի ճանապարհը աներևակայելի սխրանքների թանկ գին ուներ: Հեքիաթային մեր եզերքները, գյուղերն ու քաղաքներն այրող հրդեհը հանգչում էր միմիայն խիզախների թափված արյամբ: Ահա թե ինչու մենք հիշարժան բոլոր առիթներով պարտքի զգացումով, խոնարհումով և հպարտությամբ ենք հիշում բոլոր նրանց, ովքեր իրենց կյանքը տվեցին ժողովրդի վեհ գաղափարների և ազատության համար, նաև մեր օրերում հայրենիքի սահմանները պաշտպանելիս, զոհված մեր քաջազուն զավակներին:

Եկեք փառաբանենք նրանց ինքնամոռաց վարքը, նրանց սխրանքն ու անմահ գործը. Քաջերի անունները փայփայելով մեր սրտերում՝ հոտնկայս հարգենք նրանց պայծառ հիշատակը:

Հանդիսության հարգելի մասնակիցներ, մեր բանակի մարտունակության և մեր պետության ներկա դիրքորոշումների մասին, վերջերս՝ հունվարի 26-ին, հայկական բանակի 23-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր նիստի ժամանակ, Հայաստանի Հանրապետության Նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը մասնավորապես նշեց, որ մեր տղերքից յուրաքանչյուրի կյանքի համար ադրբեջանցիները թանկ են վճարել. Այսօր էլ թանկ են վճարում և ապագայում այդպես է լինելու: Ոչ սթափ հակառակորդին պարտավոր ենք և, անպայման, խաղաղություն ենք պարտադրելու…

Սիրելի բարեկամներ, մեր պետությունը, ժողովուրդն ու ազգային բանակը հզոր են մեկ ամբողջության մեջ: Պետք է այդ միասնական հզորությունը միշտ ու ամեն պահ գնահատենք ու հպարտանանք, որ փառավոր երիտասարդություն և հրաշալի մի հզոր սերունդ ունենք, որը հայրենիքի պաշտպանությունը համարում է գերագույն նպատակ, իր համոզմունքներով ու հավատով մեր ազգային արժեքների տերն է, գիտի և ճանաչում է իր պապերի սխրանքը, միշտ պատրաստակամ է և հավատարիմ իր երդմանը:

Փառք ու պատիվ 23-ամյա Հայոց բանակին, մեր հին ու նոր հայրենիքի հզոր պաշտպանին:
Ուրեմն եկեք շնորհավորենք իրար այս մեծախորհուրդ տոնի առթիվ, փայփայելով սիրենք և պաշտամունքով հպարտանանք, որ դարեր հետո վերագտել ենք միշտ երանելի թվացող էպոսական մեր մեծ ուժը:
Արժանապատիվ հաղթանակներ և դյուցազնական ճանապարհ քե՛զ, Հայոց հրաշալի բանակ
>>:

Օրվա առթիվ մարզպետ Աշոտ Ղահրամանյանը դրամական պարգևներ հանձնեց Զինված ուժերի մարզային ստորաբաժանումների մեծ թվով սպաների և Երկրապահ կամավորական միության անդամների: Եվս 13 հոգու մարզպետը հանձնեց գերատեսչական պարգևներ` ՀՀ պաշտպանության, կրթության և գիտության, մշակույթի, ինչպես նաև սպորտի և երիտասարդության հացերով նախարարների կողմից:

Տոնական միջոցառմանը ելույթներով հանդես եկան նաև Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը, Բամբակաշատի միջնակարգ դպրոցի տնօրեն Գայանե Պարոնյանը և մատաղ սերնդի ներկայացուցիչներ:

Միջոցառումն ամփոփվեց տոնական համերգով: Ներկաներին իրենց շնորհաշատ և օրվա խորհուրդը լրացնող կատարումներով ոգևորեցին Արմավիրի քաղաքապետարանի արվեստի դպրոցի և մշակույթի տան սաները:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 17:02:10