Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Խորհրդակցություն` հանրակրթական դպրոցների տնօրենների մասնակցությամբ
30.01.2015
ՀՀ Արմավիրի մարզպետարանում այսօր տեղի ունեցավ մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների հերթական խորհրդակցությունը` գլխավորությամբ մարզպետ Աշոտ Ղահրամանյանի և մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գայանե Սայադյանի:
Մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետը դպրոցների տնօրենների ուշադրությունը հրավիրեց կրթօջախներում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները հավուր պատշաճի իրականացնելու վրա` կարևորելով Հայոց հարցի պատմության, Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի վերաբերյալ բաց դասերի, շարադրության մրցույթների անցկացումը: Առաջարկվեց նաև դպրոցներում ստեղծել Հայոց մեծ եղեռնին նվիրված առանձին անկյուններ:
Նա տնօրեններին հորդորեց շարունակել ամենօրյա ուշադրության կենտրոնում պահել աշակերտների բացակայության հարցը` դրանից բխող հետևանքներից խուսափելու համար: Կարևորվեց նաև զինվորական պատրաստության դասասենյակների համար գույքային և դիդակտիկ նյութերի ապահովումը, կրթօջախներում զենքի պահպանման առանձնացված սենյակի առկայությունը:
Գ. Սայադյանը տեղեկացրեց, որ նախապես սահմանված ժամկետներում անհրաժեշտ է <<Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն>> ՊՈԱԿ-ին ներկայացնել հանրակրթական ուսումնական հաստատությունների վարկանիշավորման (սկզբունքներ, մեթոդաբանություն, ցուցանիշներ, հաշվարկի մեխանիզմ) համակարգի վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն:
Խորհրդակցության ընթացքում անդրադարձ եղավ նաև որպես լրացուցիչ կրթական ծառայություն հանրակրթական դպրոցներում շախմատի խմբակների ստեղծման հարցին և տեղեկացվեց, որ այդ իսկ նպատակով արդեն տպագրվել է <<Շախմատ 5-9>> ուսումնական ձեռնարկը: Ներկայացվեց նաև 2015 թվականին սոցիալական փաթեթի հատկացման կարգը և փաթեթի մեջ մտնող ծառայությունների բովանդակությունը:
Ամփոփելով խորհրդակցությունը` մարզպետ Աշոտ Ղահրամանյանը կարևորեց դպրոցներում կատարողական կարգապահության հարցը, բարոյահոգեբանական առողջ մթնոլորտի ապահովումը, մարդկային ջերմ փոխհարաբերությունների պահպանումը, որը, ըստ նրա, միայն կնպաստի աշխատաքային հաջողությունների ամրապնդմանը և նոր, առավել բարձր ցուցանիշներ արձանագրելուն: