Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի ունեցավ ՀՀ Արմավիրի մարզխորհրդի այս տարվա առաջին նիստը

13.02.2015

Այսօր տեղի ունեցավ ՀՀ Արմավիրի մարզխորհրդի այս տարվա առաջին նիստը, որը վարեց մարզպետ Աշոտ Ղահրամանյանը: Մարզխորհրդի նիստին մասնակցում էին ՀՀ ՏԿԱԻ նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, աշխատանքի և սոցիալական հարցերով նախարարի առաջին տեղակալ Արայիկ Պետրոսյանը, փոխմարզպետներ Լարիսա Մուրադյանը, Դավիթ Սամսոնյանը, Մովսես Քարտաշյանը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Փառանձեմ Կարապետյանը և աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումների և մարզպետարանի ենթակայության առողջապահական կազմակերպությունների պատասխանատուները, ՏԿԱԻ, աշխատանքի և սոցիալական հարցերով, ինչպես նաև առողջապահության նախարարությունների պատասխանատու պաշտոնյաներ:

Մարզխորհրդի նիստի օրակարգում ընդգրկված հարցի շրջանակում ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը հանդես եկավ իր 2014 թվականի գործունեության և մարզի սոցիալ-տնտեսական վիճակի մասին հաշվետվությամբ:

Մարզպետ Ա. Ղահրամանյանը մասնավորապես անդրադարձավ մարզպետարանի գործունեության կազմակերպման ընդհանուր հարցերին` ներկայացնելով տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման և համայնքային ծառայության, հանրապետարական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումների գործունեության, ֆինանսական, արդյունաբերության, փոքր և միջին ձեռնարկատիրության (ՓՄՁ), առևտրի և ծառայությունների, քաղաքաշինության, բնակարանային և կոմունալ տնտեսության, տրանսպորտի և ճանապարհաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության, հողաշինության և հողօգտագործման, առողջապահության և սոցիալական ապահովության, ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության, կրթության, մշակույթի և սպորտի, արտաքին կապերի և տեղեկատվության բնագավառներում իրականացված աշխատանքները:

Իր խոսքում մարզպետն ընդգծեց, որ 2014 թվականի ընթացքում Արմավիրի մարզում քաղաքական, սոցիալ-տնտեսական իրավիճակը եղել է կայուն: Ըստ նրա` ոլորտային ձեռքբերումներն ու հաջողությունները հնարավոր է եղել ապահովել բոլոր պետական կառույցների, տեղական, միջազգային և հասարակական կազմակերպությունների, ԶԼՄ-ների հետ սերտ համագործացության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Նախագահի, վարչապետի, նախարարների և այլ գերատեսչությունների ղեկավարների մարզ կատարած այցելությունների և տրված հանձնարարականների կատարման արդյունքում:

Օրակարգային հարցի ավարտից հետո հայկտարարությամբ հանդես եկավ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերով նախարարի առաջին տեղակալ Արայիկ Պետրոսյանը` տեղեկացնելով, որ Զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրով Արմավիրի մարզում նախատեսված է իրականացնել «Սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսությանն աջակցության տրամադրման» ծրագիրը` հաստատված ՀՀ կառավարության 2014թ. ապրիլ ամսին ընդունած համապատասխան որոշմամբ: Ծրագրի իրականացման նպատակով նա հորդորեց սեղմ ժամկետներում համայնքներից հավաքագրել և նախարարություն ներկայացնել շուրջ 218 հողօգտագործողների վերաբերյալ տեղեկատվություն` սահմանված ձևաչափով:

Հայտարարությամբ հանդես եկավ նաև ՀՀ առողջապահության նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Ծաղիկ Վարդանյանը` մասնավորապես ներկայացնելով նախարարության կողմից մարզերում 2013-14թթ. իրականացված առողջապահական համակարգի քարտեզագրման գործընթացը, որն իր մեջ ներառում է մարզի կտրվածքով ամբողջ առողջապահական համակարգի իրավիճակը, ընդհանուր ցուցանիշները, ոլորտին վերաբերող առանցքային բոլոր խնդիրներն ու հարցերը` նպատակ հետապնդելով առավել ուղղորդված իրականացնել ոլորտային ծրագրերն ու միջոցառումները:

Նա իր խոսքում անդրադարձավ նաև 2015 թվականի հունվարից հանրապետությունում մեկնարկած սրտի անհետաձգելի վիրահատության և ազգաբնակչության համար անվճար զանգվածայաին սկրինինգային ծրագրերին:

Մարզի խորհրդի նիստի ավարտից հետո մարզպետ Աշոտ Ղահրամանյանի ուղեկցությամբ ՏԿԱԻ նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանն այցելեց Արմավիրի բժշկական կենտրոն, ապա նաև` Սարդարապատ համայնքում գործող ջերմոցային տնտեսություն:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:58:53