Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային այցով Արմավիրի մարզում էր ՀՀ առողջապահության նախարարը

21.02.2015

Փետվաի 20-ին աշխատանքային այցով Արմավիրի մարզում էր ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի ուղեկցությամբ նախարարն այցելեց մարզի բժշկական հաստատություններ, ծանոթացավ տարբեր  բաժանմունքների կողմից իրականացվող աշխատանքներին, մատուցվող ծառայությունների որակին:

Վիրահատական բաժանմունքում նախարարը հիվանդանոցի տնօրեն Վաչագան Մկրտչյանից հետաքրքրվեց վիրահատությունների ծավալներով: Տնօրենը հայտնեց, որ տարեկան այստեղ կատարվում է 645 վիրահատություն: Արմեն Մուրադյանը ուշադրություն դարձրեց նաև կենտրոնում իրականացվող ներհիվանդանոցային վարակների կանխարգելմանն ուղղված միջոցառումներին:

Վաղարշապատի հիվանդանոցում արդիական է վերանորոգման և նյութատեխնիկական պայմանների բարելավման խնդիրը: Նախարարը հորդորեց հիվանդանոցի ղեկավարությանը նպաստել մարզում որակյալ մասնագետների համար գրավիչ աշխատանքային պայմաններ ստեղծելուն: Նա նշեց, որ ՀՀ առողջապահության նախարարությունը պատրաստ է աջակցելու երիտասարդներին արտերկրի լավագույն կլինիկաներում վերապատրաստում անցնելու հարցում:

Վաղարշապատի ծննդատունը ևս շենքային և նյութատեխնիկական պայմանների բարելավման կարիք ունի: Ծննդատունն ապահովված է որակյալ բուժաշխատողներով: 17 բժշկից 13-ը հիմնական են, 4-ն աշխատում է հերթապահությամբ: Ելնելով շենքային պայմանների ոչ բարվոք վիճակից՝ նվազել է ծնունդների թիվը: Եթե 2013 թվականին գրանցվել էր 748, ապա 2014 թ. 628 ծնունդ:

Նախարարը շրջեց նորածնային բաժանմունքով, զրուցեց հիվանդների հետ: Բուժաշխատողները գոհունակություն հայտնեցին օրեր առաջ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի և BirthLink ընկերության կողմից տրամադրված ժամանակակից բժշկական սարքավորումների համար:

Վաղարշապատի պոլիկլինիկան սպասարկում է շուրջ 55 հազար բնակչություն: Տնօրեն Լիլիթ Գասպարյանից Արմեն Մուրադյանը հետաքրքրվեց ՀՀ առողջապահության նախարարության կողմից սոցիալական փաթեթի առողջապահական բաղադրիչում այս տարի ներդրված ստուգայցի ծրագրի իրականացման ընթացքով, պատվաստումների ծածկույթով, ինչպես նաև բուժաշխատողների աշխատավարձով: Բնակիչներն իրենց գոհունակությունը հայտնեցին պոլիկլինիկայի աշխատանքից, որը սպասարկում է նաև Էջմիածնի հարակից գյուղերի բնակչությանը:

Հաջորդիվ առողջապահության նախարարն այցելեց Մեծամորի և Արմավիրի բժշկական կենտրոններ:

Մեծամորի բժշկական կենտրոնում նախարարի ուշադրությանը ներկայացվեցին կենտրոնի պոլիկլինիկական հատվածում իրականացվող հիմնանորոգման աշխատանքները:

2013թ. Համաշխարհային բանկը համաձայնել էր Մեծամորի բժշկական կենտրոնի պոլիկլինիկական հատվածի արդիականացումն ընդգրկել «Հայաստանի առողջապահական համակարգի արդիականացում ծրագիր-2» հավելյալ ֆինանսավորման վարկային ծրագրում: Պոլիկլինիկայի հիմնանորոգման աշխատանքները մեկնարկել են 2014թ. հուլիսին և ավարտվել 2015թ. հունվարին: Ընդհանուր առմամբ, Մեծամորի բժշկական կենտրոնի պոլիկլինիկական հատվածի հիմնանորոգման համար ներդրվել է շուրջ 36 մլն դրամ, որից 34մլն-ը` շինարարության և շուրջ 1մլն-ը` նախագծանախահաշվային աշխատանքների համար:

Այժմ ընթացքում է պոլիկլինիկայի բժշկական սարքավորումների և կահույքի ձեռքբերման գործընթացը, ինչի համար նախատեսվում է ներդնել շուրջ 100 հազար ԱՄՆ դոլար: Հիմնանորոգված և վերազինված պոլիկլինիկան կունենա 20 առանձին սենյակ, որոնցում կտեղակայվեն առողջության առաջնային պահպանման մասնագետները, նեղ մասնագետները, կանանց կոնսուլտացիան, լաբորատորիան և ուլտրաձայնային հետազոտության կաբինետը, ինչպես նաև սպասասրահը: Այս կառուցվածքը հնարավորություն կընձեռի բնակչությանը տրամադրել որակյալ և համալիր բժշկական ծառայություններ:

Արմեն Մուրադյանը շրջեց նաև Մեծամորի բժշկական կենտրոնի այլ բաժանմունքներով: Նշվեց բժիշկ-համաճարակաբանի հաստիքի անհրաժեշտությունը: Այցելած բոլոր բժշկական կենտրոններում նախարարը կարևորեց ինչպես ներհիվանդանոցային վարակների կանխարգելմանն ուղղված միջոցառումների համապատասխանությունը գործող իրավական ակտերին և նորմերին, այնպես էլ` հիվանդանոցների որակի վերահսկման մասնագիտական հանձնաժողովների պատշաճ գործունեությունը։

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն Արմավիրի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում եղավ նաև Արմավիրի բժշկական կենտրոնում: Հիվանդանոցի հիմնական մասնաշենքը հիմնանորոգվել և նորագույն բժշկական սարքավորումներով ու կահույքով հագեցվել է 2010թ.: Նախարարը շրջեց բաժանմունքներով, այդ թվում` հեմոդիալիզի, զրուցեց բուժանձնակազմի և հիվանդների հետ:

Լրագրողների հետ զրույցում Արմեն Մուրադյանը նշեց, որ աշխատանքային այցի նպատակն է ծանոթանալ առողջապահական ցուցանիշներին, ենթակառուցվածքներին, ինչպես նաև առկա հիմնախնդիրներին: Նա կարևորեց բժշկական կազմակերպություններում ծառայությունների որակի և անվտանգության ապահովման, ներհիվանդանոցային վարակների կանխարգելման, նյութատեխնիկական և կադրային հագեցվածության խնդիրները:

Նախարարն ընդգծեց, որ բազմաթիվ ծրագրեր են իրականացվում հանրապետության նախագահի` մարզերի համաչափ զարգացման և Համաշխարհային բանկի վարկային ծրագրերի շրջանակներում։

«Առողջապահական հիմնական ցուցանիշներն առաջին հերթին պայմանավորված են նյութատեխնիկական և կադրային հագեցվածությամբ, ինչն այս կենտրոնում լուծված է»,- ասաց Արմեն Մուրադյանը: Նա նշեց, որ մարզում առկա են նաև խնդիրներ, որոնց լուծումները քննարկվելու են մարզպետարանի, տեղական ինքնակառավարման մարմինների և բուժաշխատողների հետ։

«Կան առանձին ծառայություններ, մասնավորապես` Վաղարշապատի պոլիկլինիկական ծառայությունը, որը թե՛ կառուցվածքով, թե՛ հագեցվածությամբ, թե՛ աշխատանքի կազմակերպմամբ, թե՛ պատվաստումների մեծ ընդգրկվածությամբ բարձր գնահատականի է արժանի»,-ասաց Արմեն Մուրադյանը:

Նախարարի աշխատանքային այցն ամփոփվեց մարզպետարանում` մարզպետ Աշոտ Ղահրամանյանի և մարզի բուժհաստատությունների ղեկավարների հետ հրավիրված խորհրդակցությամբ:

«Անշուշտ առկա են նյութատեխնիկական խնդիրներ, բայց կան հիմնարկներ, որտեղ այդ հարցը լիովին լուծված է»,- ասաց ՀՀ առողջապահության նախարարը` հավելելով, որ մարզպետարանի հետ քայլեր են ձեռնարկվելու բնակչությանը մատուցվող բժշկական օգնության ու սպասարկման որակի բարելավման ուղղությամբ:
Խոսելով Վաղարշապատի ծննդատանը ծնելիության նվազման խնդրի մասին` նա ընդգծեց, որ մայրաքաղաքին մոտ լինելու փաստը չպետք է նպաստի ծնունդների հոսքին դեպի Երևան:

Արմեն Մուրադյանը հայտնեց, որ ՀՀ առողջապահության նախարարությունն առաջարկել է Արմավիրի մարզպետարանին աջակցել մասնագետների` արտերկրի լավագույն կլինիկաներում վերապատրաստման գործում:

Նա նաև ընդգծեց, որ բժշկական կենտրոններում սանիտարահակահամաճարակային ռեժիմի պահպանումը կարևոր պայման է` անկախ նյութատեխնիկական պայմաններից: Այն ներհիվանդանոցային վարակների կանխարգելման հիմքն է։ Նախարարը պատասխանեց բուժհաստատությունների ղեկավարներին հետաքրքրող հարցերին:

Աղբյուր` www.moh.am

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:58:53