Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Խորհրդակցություն` հանրակրթական դպրոցների տնօրենների մասնակցությամբ
31.03.2015
ՀՀ Արմավիրի մարզպետարանում այսօր տեղի ունեցավ մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների հերթական խորհրդակցությունը` գլխավորությամբ մարզպետ Աշոտ Ղահրամանյանի և մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գայանե Սայադյանի:
Մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի առաջարկությամբ նախ քննարկվեց լրացուցիչ արձակուրդի հետևանքով բաց թողնված դասաժամերի լրացման հարցը: Քննարկման արդյունքում որոշվեց ուսումնական շաբաթը թողնել 5-օրյա, և համապատասխան դասաժամերն ապահովել առաջիկա յոթ շաբաթների ընթացքում:
Ներկայացնելով առարկայական օլիմպիադաների մարզային փուլի արդյունքները` Գ. Սայադյանը տեղեկացրեց, որ ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից սահմանված կարգի համաձայն մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, ինֆորմատիկա, աստղագիտություն դպրոցականների օլիմպիադայի օնլայն տարբերակին մասնակցելու համար Արմավիրի մարզից հայտագրվել է 3159 աշակերտ: Իսկ հայոց լեզու, ռուսաց լեզու, օտար լեզուներ, աշխարհագրություն, պատմություն, հայ գրականություն, հայոց եկեղեցու պատմություն և ՆԶՊ առարկաներից տարածքային փուլին մասնակցել է 1575 աշակերտ:
Ըստ նրա` տարածքային փուլը հաղթահարած 120 դպրոցի 515 աշակերտ մարզային հանձնաժողովի կողմից հնարավորություն է ստացել մասնակցելու փետրվարի 21-ից մարտի 9-ը անցկացվող դպրոցականների առարկայական օլիմպիադայի մարզային փուլին, որի արդյունքում 72 աշակերտ երաշխավորվել է մասնակցելու դպրոցականների 2015 թվականի առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլին, որը մեկնարկել է մարտի 15-ին:
Մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետը անդրադարձավ նաև <<Տարվա լավագույն ուսուցիչ>>, << Տարվա լավագույն տնօրեն>>, << Տարվա լավագույն դաստիարակ>> մրցույթների անցկացման կարգին` նշելով, որ մրցույթների մարզային փուլը կսկսվի ապրիլի 1-ից և կամփոփվի մայիսի 14-ին, իսկ մրցույթների մասնակիցների հայտերը կընդունվեն մինչև ապրիլի 30-ը:
Խորհրդակցության ընթացքում Գ. Սայադյանը հետաքրքրվեց նաև Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպման ընթացքի մասին` կրկին անգամ շեշտելով նախատեսված ձեռնակները բարձր մակարդակով իրականացնելու կարևորությունը:
Խորհրդակցության ավարտին մարզպետ Աշոտ Ղահրամանյանը դպրոցների տնօրեններին տեղեկացրեց, որ իր համապատասխան կարգադրությամբ ստեղծվել է հանձնաժողով` մարզի հանրակրթական ուսումնական հաստատություններում դպրոցական սննդի կազմակերպման վիճակն ուսումնասիրելու նպատակով և հանձնարարվել է նախատեսված աշխատանքներն իրականացնել 15-օրյա ժամկետում: <<Յուրաքանչյուր օր ինձ կներկայացվեն ուսումնասիրության արդյունքները, որոնց հիման վրա հավաստի տվյալներ կունենանք մարզի հանրակրթական դպրոցներում սննդի կազմակերպման վերաբերյալ, իսկ թերությունների արձանագրման դեպքում անհապաղ միջոցներ կձեռնարկենք դրանք վերացնելու համար>>,- իր խոսքում ընդգծեց մարզպետը` կոչ անելով դպրոցների տնօրեններին բարձր մակարդակով իրականացնել իրենց վերապահված գործառույթները: