Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հուշ-ցերեկույթ` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին

20.04.2015

Արմավիրի մարզպետարանի և փաստաբանների պալատի մարզային գրասենյակի համատեղ նախաձեռնությամբ այսօր Արմավիրի մշակույթի տանը տեղի ունեցավ <<...Կոչեմ ապրողաց>> խորագիրը կրող հուշ-ցերեկույթ` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Հուշ-ցերեկույթին մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արմավիրի հոգևոր թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանը, ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալներ Լարիսա Մուրադյանը, Դավիթ Սամսոնյանը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Փառանձեմ Կարապետյանը, փաստաբանների պալատի մարզային գրասենյակի ղեկավար Գուրգեն Գրիգորյանը, մեծ թվով համայնքների ղեկավարներ, դպրոցների տնօրեններ և ուսուցիչներ:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ Արամավիրի հոգևոր առաջնորդը, ով անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման միջոցառումների իրականացման կարևորությանը` մասնավորապես խոսեց ապրիլի 23-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Հայոց մեծ եղեռնի 100-ամյա տարելիցին նվիրված գլխավոր միջոցառման մասին, որի ժամանակ շուրջ 700 տարի ընմիջումից հետո կմատուցվի սրբադասման կարգ և սրբերի դասին կդասվեն ցեղասպանության նահատակները:

Ապա թվարկելով նորանկախ Հայստանի հաղթանակները` Սրբազան հայրը նշեց. <<Որպես հաղթանակած ազգ մենք ապացուցում ենք ողջ աշխարհին, որ մենք ուժեղ ենք, աննահանջ ու հպարտ` որպես քրիստոնյա: Իսկ այսուհետ, թող հայ ազգն առիթ ունենա նշելու միայն հաղթանակի տարելիցներ>>:

<<Նեմեսիս գործողությունը>> ներկայացնող ընդարձակ զեկույցով հանդես եկավ ՀՀ Արմավիրի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության աշխատակից Վահան Միքայելյանը:

Վերջինիս խոսքով` հայ վրիժառուները <<Նեմեսիս>>-ի նպատակներից մեկը բնութագրում էին այսպես. <<Այսօր մենք չենք կարող մեր զոհերի հիշատակը հարգել ծաղիկներով այցելելով նրանց գերեզմաններին, քանի որ նրանք գերեզմաններ չունեցան` կորչելով անապատներում: Մենք պարտավոր ենք նրանց հիշատակի համար հեղել ջարդերի կազմակերպիչների գանգերի այրունը>>:

Վահան Միքայելյանն իր խոսքում ընդգծեց, որ հավատարիմ մնալով գործողության հիմնական նպատակին` թուրք պարագլուխներից գրեթե ոչ մեկին չհաջողվեց խուսափել հայ վրիժառուների պատժից, որոնք իրենց գործողություններն իրականացրեցին ոչ միայն թուրք ջարդարարների, այլ նաև Ադրբեջանի հայասպան ղեկավարների նկատմամբ. <<Հայ վրիժառուների պատվիրանը գրեթե ամբողջությամբ իրականացվեց` դահիճների մեծ մասը գնդակահարվեց գլից>>:

Ամփոփելով իր ելույթը` Վահան Միքայելյանը պահանջատիրության կոչ արեց ներկաներին`շեշտելով որ պահանջատիրությունը նաև ազգային մշակույթի պահպանումն է, որը ողջ ժողովրդի, այդ թվում` պետական մարմինների գործն է: Այս համատեքստում նա առանձնացրեց մարզպետ Աշոտ Ղահրամանյանի` 914 թվականին Ախուրյան գետի ձախ ափի բարձրունքին կառուցված Շուշանիկ եկեղեցի տանող ճանապարհի կառուցման նախաձեռնությունը. <<Այս ճանապարհի կառուցումը կնպաստի հայկական մշակույթի համաշխարհային քարոզմանը, որն էլ իր հերթին կնպաստի Հայոց ցեղասպանության ճանաչման գործընացին, քանի որ Շուշանիկ եկեղեցին, գտնվելով պատմական Բագարանի դեմ-դիմաց, ուրույն ձևով խորհրդանշում է հայոց պահանջատիրությունը>>:

Ելույթ ունեցավ նաև փաստաբանների պալատի մարզային գրասենյակի ղեկավար Գուրգեն Գրիգորյանը, ով կարևորեց Հայոց ցեղասպանության հարցի իրավական լուծումը` հաշվի առնելով այն հանգամանքը, որ միջազգային պրակտիկայում առկա է նման իրավական լուծման այնպիսի մեխանիզմ, ինչպիսին է Հոլոքոստը:

Ըստ նրա` պահանջատիրությունը, որպես հաստատված փաստ, Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցից հետո պետք է տեղափոխել իրավական դաշտ, որը թույլ կտա հավասար դիրքերում պայքարելու ցեղասպանության ճանաչման համար:

Ամփոփիչ ելույթով հանդես եկավ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Փառանձեմ Կարապետյանը: Նա ողջունեց ներկաներին և մարզպետ Աշոտ Ղահրամանյանի կողմից շնորհակալական խոսք հղեց մարզի այն բոլոր կազմակերպությունների ղեկավարներին, ովքեր վերջին շրջանում մեծ նվիրումով իրենց հաստատություններում իրականացնում են Հայոց մեծ եղեռնի 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներ:

Նա խորին երախտագիտություն հայտնեց նաև Հայոց ցեղասպանությունը ճանաչած և դատապարտած բոլոր երկրներին, միջազգային կազակերպություններին, պառլամենտներին և հատկապես Կաթոլիկ եկեղեցու հովվապետին:

Փառանձեմ Կարապետյանը հատկանշական համարեց, որ Թուրքիայում ևս քաղաքացիական հասարակության մաս կազմող անհատների և հասարակական կազմակերպությունների ակտիվ գործունեության ու ջանքերի շնորհիվ արդեն բացեիբաց խոսում են ցեղասպանության մասին` վերջ դնելով հայկական հարցի շուրջ խոսելու տաբուին: Այս համտեքստում նա մեծապես կարևորեց լուսահոգի Հրանտ Դինքի ներդումը:

Ողջունելով ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանն ուղղված բոլոր քայլերը` մարզպետարանի աշխատակազմի ղեկավարն ընդգծեց. <<Մենք մեզ չպիտի կախման մեջ դնենք այն հանգամանքից, թե ապրիլի 24-ին ով կարտաբերի <<ցեղասպանություն>> տերմինը, ով կդատապարտի Թուրքիո կառավարությանը ցեղասպանությունը ժխտելու համար, այլ պիտի կարողանանք մեր հզորությամբ, մեր ուժով հասնել նրան, որ աշխարհի առաջադեմ մարդկությունը հաշվի նստի անկախ, հզոր ու կայացած Հայսատանի Հանրապետության հետ...>>:

Միջոցառման հանդիսավոր մասի ավարտից հետո ելույթ ունեցավ ՀՀ տարածքային կառավարման և արտակարգի իրավիճակների նախարարության փողային նվագախումբը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 18:13:28