Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառում` hայ և եզդի ժողովուրդների բարեկամության հուշահամալիրում

22.04.2015

ՀՀ Արմավիրի մարզի Ակնալճի եզդիական սրբատեղիում այսօր տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառում, որին ներկա էին համայն աշխարհի եզդիների հոգևոր առաջնորդ, նորին սուրբ մեծություն Միրե Միրա Թահսին բեկը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, մեծ թվով քաղաքական և պետական գործիչներ, հայ և եզդի հոգևորականներ:

Միջոցառմանը Հայ Առաքելական Եկեղեցու Արմավիրի հոգևոր թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանը Հայոց ցեղասպանության զոհերի հոգիների ոգեկոչման կարգ մատուցեց և խնկաբույր աղոթք հնչեցրել առ Աստված:

Ապա ներկաները ծաղիկներ խոնարհեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշաքարին:

Հայ և եզդի ժողովուրդների բարեկամության հուշահամալիրում հոգեհանգստի կարգ կատարվեց նաև Ջհանգիր աղայի հուշարձանի մոտ` ի նշան նրա աքսորավայրից հող բերելու և այն հուշարձանի հիմքում ամփոփելու:

Ողջունելով ներկաներին` համայն աշխարհի եզդիների հոգևոր առաջնորդ, նորին սուրբ մեծություն Միրե Միրա Թահսին բեկն իր շնորհակալությունը հայտնեց պետական այրերին և հայ ժողովրդին` մշտապես եզդիների կողքին լինելու համար: Նա նշեց, որ 1915 թվականին հայերի հետ միասին նաև եզդիներ են կոտորվել` միասնական կերպով պայքարելով ընդհանուր թշնամու դեմ:

Համայն աշխարհի եզդիների հոգևոր առաջնորդն ընդգծեց, որ երկու ազգերի եղբայրությունը շարունակվում է և կլինի դարեդար: Ամփոփելով իր խոսքը` նա հատուկ շնորհակալություն հայտնեց Հայաստանի Հանրապետությանը` Իրաքում եզդիների օգնության համար և շեշտեց. <<Մենք պետք է միասնական լինենք, որպեսզի մեր ուժն ավելի հզոր լինի>>:

Երախտագիտություն հայտնելով Հայոց ցեղասպանությունը ճանաչած պետություններին, առաջավոր հասարակություններին և բարեկամ ժողովուրդներին` Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը  նշեց. <<Այս օրերին հայ ժողովրդի հետ միասին աշխարհի քաղաքակիրթ մասը ոգեկոչում է 100 տարի առաջ իրականացված ցեղասպանության անմեղ զոհերին: Անմեղ զոհեր, որոնց կազմում էր նաև մեր եզդի եղբայրական ժողովրդի մի մասը: Եվ եզդի համայնքի կողմից կազմակերպված այս արարողությունը նվիրված է հենց այդ ոգեկոչմանը: Մենք մեր խոնարհումն ենք արտահայտում մեր եզդի բարեկամներին և Հայոց ցեղասպանության բոլոր անմեղ զոհերին: Փառք մեր դարավոր բարեկամությանը, որը պետք է հավերժ ապրի>>:

Իր ողջույնի խոսքում հայ և եզդի ժողովուրդների դարավոր բարեկամությանն անդրադարձավ նաև մարզպետ Աշոտ Ղահրամանյանը` նշելով, որ հայ ազգը երբեք չի մոռանա իր դժվարին օրերին եզդի եղբայրների զորակցությունը և միշտ պատրաստ է կանգնել նրանց կողքին ու օգնության ձեռք մեկնել: Նրա խոսքով` ասվածի վառ ապացույցներից մեկն է Հանրապետության Նախագահի կողմից ՄԱԿ-ի բարձր ամբիոնից Իրաքի հյուսիս-արևմուտքում եզդի բնակչության պաշտպանության անհրաժեշտության մասին հնչեցրած դրույթը:

<<Հավերժ փառք մեր երկու ազգերի բարեկամությանը և հավերժ փառք Հայաստանի Հանրապետությանը>>,- ամփոփելով իր խոսքը` նշեց մարզպետ Աշոտ Ղահրամանյանը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 17:05:58