Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառում` Նորապատ համայնքի միջնակարգ դպրոցում

27.04.2015

Նորապատ համայնքի միջնակարգ դպրոցում այսօր տեղի ունեցավ
<<Հիշում եմ և պահանջում>> խորագիրը կրող միջոցառում` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, Հայ Առաքելական Եկեղեցու Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանը, դպրոցի բարերար Հրանտ Սահակյանը, պաշտոնատար այլ անձինք և հյուրեր:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման միջոցառման սկիզբն ազդարարեց Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանը` ներկաների հետ միասի աղոթք հնչեցնելով առ Աստված և նահատակ սրբերի միջնորդությունը հայցելով Հայ դատի լուծման համար:

Միջոցառմանը Նորապատի միջնակարգ դպրոցն իր հարգանքի և ոգեկոչման ծեսը ձոնեց 1915 թվականի ապրիլյան զոհերի հիշատակին` յուրովի ընդգծելով, որ շուրջ 100 տարի հայ մարդու մխացող ցավը չի հնանում և մոռացումի կամ հուսալքման ուղիներ չի բացում մեր առջև: Ընդհակառակը, տարիների մեջ հայ ժողովուրդն ավելի է բարձրանում, վստահաբար իր վճռական դիրքը զբաղեցնում աշխարհի հզոր երկրների կողքին և կոչ անում` հիշողության և ազնվության դաշտը անմշակ չդարձնել: Եվ այսօր` ցեղասպանությունից 100 տարի անց, Հայաստանը և աշխարհասփյուռ հայությունը չի դադարում հիշել և պահանջել:

Ողջունելով ներկաներին և կարևորելով Հայ դատի արդար լուծումն ու հայության պահանջատիրությունը` մարզպետ Աշոտ Ղահրամանյանն իր խոսքում ընդգծեց, որ եթե ժամանակին հայերի ցեղասպանության մասին բարձրաձայնվեր, եթե համայն մարդկությունը դատապարտեր այդ ոճրագործությունը, ապա տարիներ անց տեղի չէր ունենա Հոլոքոստը, չէին լինի Կամբոջայի, Ռուանդայի, Դարֆուրի և այլ ցեղասպանությունները:

Մարզպետը կոչ արեց ուսուցիչներին`հայեցի դաստիարակել մատաղ սերնդին,մեր ապագան կերտողներին, որպեսզի նրանք ճիշտ գիտակցեն իրենց առաքելությունն այս երկրի վրա և հավատարիմ մնան այն ազգային արժեքներին ու ձեռքբերումներին, որոնք թանկ ժառանգություն են հայ ժողովրդի համար:

Նորապատի միջնակարգ դպրոցի տնօրեն Նաիրա Սահակյանն էլ իր հերթին ընդգծեց, որ պահանջատիրության ու հայրենասիրության դասը սկսվում է հենց դպրոցից, և մանկավարժը, որ նույնպես հայրենասեր է, պարտավոր է այդ սերմերը ցանել իր աշակերտների հոգում, որոնք ծլարձակելու են և պահանջատիրական դրոշը վառ ու բարձր պահած գնալու են մինչև վերջ:

Դպրոցի բարերար Հրանտ Սահակյանն իր խոսքում շեշտեց, որ հայն իր պատմությունը մոռանալու իրավունք չունի` հայապահպանման ամենակարևոր գործոն համարելով հայեցի դաստիարակությունը, որը, ըստ նրա, հիմքն է ամուր ընտանիքի և հզոր պետության:

Միջոցառումն ամփոփվեց ավանդական շուրջպարով` խորհրդանշելով հայի միասնությունն ու համախմբվածությունը Հայոց հարցի արդարացի լուծման վեհ գաղափարի շուրջ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:58:53